- May 12, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հակամարտություններ, բնապահպանական, տնտեսական, սոցիալական, խոցելի խմբերին առնչվող թեմաներ լուսաբանող լրագրողներին և թվային բովանդակություն ստեղծողներին մասնակցել «Լճից լիճ» թիմային լրագրողական արշավին Սևանա լճի ավազանի տարածքով։
Միջսահմանային համագործակցության այս նախաձեռնության նպատակն է Սևանա լճի ավազանի և այդ տարածքում ապրող բնակչության օրինակով, ուշադրություն գրավել Հայաստանի տնտեսական, սոցիալական, անվտանգային, բնապահպանական և հակամարտության հետևանքներին առնչվող խնդիրների վրա, ինչպես նաև ամրապնդել տարբեր երկրներում աշխատող լրագրողների կապերը և համագործակցությունը։
Նախագծում կընդգրկվեն 10 մասնակից՝ յոթն արտերկրից, երեքը՝ Հայաստանից։ Խումբը հինգ օրերի ընթացքում կշրջի Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքներում և գյուղերում, հանդիպումներ կունենա տեղի բնակիչների, կառավարման մարմինների, փորձագետների, ձեռներեցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելի նաև Սևանա լճի ավազանի տեսարժան և պատմական վայրերը։
Թիմային լրագրողական նախագծի առանցքում պետք է լինեն Սևանին և շրջակա տարածքներին առնչվող թեմաները, սոցիալական, բնապահպանական, անվտանգային և այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
Ծրագրի ավարտին նախատեսվում է ստեղծել մեկ ընդհանուր նախագիծ, որտեղ կմիավորվեն յուրաքանչյուր մասնակցի պատրաստած մեկ նյութ։ Ակնկալվում է նաև, որ նախագծի մասնակիցներն առնվազն երեք նյութ կպատրաստեն իրենց երկրի լսարանի համար։ Համատեղ նախագծի հրապարակման հարթակը և ձևաչափը վերջնական կմշակվեն կազմակերպիչների կողմից և կներկայացվեն մասնակիցներին։
Ով կարող է դիմել
Տարբեր երկրներում մեծ և փոքր լճերը հաճախ խորհրդանիշ են դառնում, առասպելներ ծնում, «կերակրում» մարդկանց, ինչպես նաև տուժում նրանց գործունեության արդյունքում, որոշ դեպքերում էլ կռվախնձոր դառնում։
Ծրագիրը «Լճից լիճ» անվանելու գաղափարն ուղղված է համընդհանուր խնդիրների, արժեքների, հոգսերի շուրջ տարբեր երկրների լրագրողներին միավորելուն։ Վերոնշյալը հաշվի առնելով, մեդիա արշավին հրավիրվում են մասնակցելու այն երկրների լրագրողները, որոնց երկրում ևս կա լիճ, որի շուրջ կառուցվող թեմաները հանրային կարևորություն ունեն տվյալ երկրի կամ ազգի համար։
Ցանկալի է, որ ծրագրին դիմողները նախկինում ունենան հրապարակած նյութեր իրենց կամ այլ երկրներում գտնվող լճերի շուրջ ստեղծված խնդիրների մասին։ Այս պայմանից բացի, ծրագրին դիմելու համար պետք է․
- ունենալ առնվազն 5 տարվա մասնագիտական կայուն փորձ լրագրության ոլորտում կամ կանոնավոր արտադրություն սոցիալական մեդիայում,
- տիրապետել անգլերեն լեզվին,
- լինել Եվրոպական խորհրդի, Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի,
- պատրաստ լինել ընդունել ծրագրի պայմանները և նշված ժամանակահատվածում այցելել Հայաստան,
- սեփական երկրի որևէ լրատվամիջոցի կողմից՝ արշավի ընթացքում պատրաստված նյութերի հրապարակման համաձայնությունը հաստատող նամակ:
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
«Լճից լիճ» թիմային լրագրողական նախագծի շրջանակում այցը Հայաստան տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 24-28-ը։
Ճանապարհածախսը և կեցության ողջ ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև 2025թ-ի հունիսի 21-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 095 583635 հեռախոսահամարով։
Մեդիա արշավն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում HEKS/EPER շվեյցարական եկեղեցու օգնության հիմնադրամի և Bread for the World գերմանական բողոքական եկեղեցիների զարգացման և օգնության գործակալության աջակցությամբ: