«Թվապատում 2024»-ը հայտարարեց մրցանակակիրներին

Նոյեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց մասնագիտական կատարելության «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։

Արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։

«Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Մրցույթի աջակիցներն են նաև «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ – Հայաստանը», Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

«Թվապատում 2024» մրցութային հանձնաժողովի կազմում մեդիադաշտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին․

  • Գայանե Միրզոյան, գլխավոր խմբագիր, Ուրբանիստա,
  • Գնել Նալբանդյան, գլխավոր խմբագիր, Նյումեգ ամսագիր,
  • Հրաչուհի Ութմազյան, Մեդիա ակադեմիայի ղեկավար, հաղորդավար, Առաջին ալիք,
  • Արմեն Գրիգորյան, «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ – Հայաստան» ծրագրերի ղեկավար,
  • Անահիտ Գևորգյան, Թվապատում 2023-ի «Գործող անձ» անվանակարգի հերոս:

Հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվել են հաղթողները, որոնք մրցանակաբաշխության ընթացքում ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:

«Թվապատում 2024»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգի պատմություններն այն անհատների մասին են, որոնք դրական փոփոխություններ են նախաձեռնում իրենց շրջապատում։ Այս անվանակարգում հանձնաժողովը հիմնական հաղթող չընտրեց։ Սակայն հաշվի առնելով անվանակարգի կարևորությունը՝ սահմանվեց հատուկ մրցանակ և 150․000 դրամով պարգև շնորհվեց Առավոտի լրագրող Տաթևիկ Հարությունյանին »Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»․ Գոհար Պետրոսյան  նյութի հեղինակին և հերոսին։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի և 100․000 դրամ պարգևի արժանացավ News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանը և նյութի հերոսը՝ Աշոցքից Քաղսի․ ֆիզկուլտուրայի ուսուցչի հիմնած ֆուտբոլի աղջիկների թիմը կարծրատիպեր է կոտրում  նյութի համար։

Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 250․000 դրամով պարգևատրվեց «Հետքի» լրագրող Անյա Սարկիսովան՝ Դեղերի սև շուկա․ ինչու՞ որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են նյութի համար։

Հանձնաժողովը առանձնացրեց նաև Ֆակտոր TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հետաքննությունը։ Որոշվեց լրագրողին խրախուսական մրցանակ շնորհել և 100 000 դրամով պարգևատրել՝ հետաքննական լրագրության ժանրում հաջող քայլեր կատարելու համար։

Մրցույթի նոր՝ Տուն և տեղ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Սիվիլնեթի» լրագրող Լուսինե Վարդանյանը՝ Դբա Դեբեդ․ գետի անաղմուկ աղտոտումը ֆիլմի համար, որն անդրադառնում է հրատապ և արդիական խնդիրներ ունեցող տարածաշրջանին։ Այս անվանակարգում դիտարկվում են քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով լավագույն վերլուծական աշխատանքները։

Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող նյութը «Ինֆոքոմի» «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» ծավալուն աշխատանքն էր: 250 000 դրամով պարգևատրվեցին «Ինֆոքոմի» լրագրողներ Սուսինա Խաչատրյանը և Լիլիթ Գրիգորյանը։

Հանձնաժողովը խրախուսական մրցանակ շնորհեց և 100 000 դրամով պարգևատրեց Ազատություն ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին «Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին և 2024-ին կարճ տեսանյութի համար։

Մրցույթի հաջորդ նոր՝ Ականջօղ անվանակարգում հանձնաժողովը ևս հիմնական մրցանակ չսահմանեց և փոխարենը հանձնեց երկու հատուկ մրցանակ և 150 000-ական դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Լյուդմիլա Շիրվանյանին՝ ազգային փոքրամասնության համայնքում կրթության խնդրին անդրադարձած Եզդի կինը կոտրում է կարծրատիպերը տեսանյութի համար և Regional Post-ի լրագրող Անժելա Ալեքյանին Women in Numbers հոդվածում կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում թեման վերլուծելու համար։

Այս անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների լուսաբանումը։

Արտակարգ գրություն անվանակարգում խրախուսվում են հակամարտությանը վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանքները։ Այս անվանակարգում  հանձնաժողովը հաղթող ճանաչեց և 250․000 դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Հայկ Ղազարյանին՝ Կիլոմետրերով չոքեչոք․ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը հրապարակման համար։

Այս անվանակարգում հանձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց և 150 000 դրամով պարգևատրվեց Ռիմա Գրիգորյանին Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ հրապարակման համար։ Այն անդրադառնում է խոցելի խմբերին, էթիկական հարցերին և Արցախից տեղահանված երեխաների կյանքին՝ նոր իրականությունում։

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200․000 դրամով պարգևատրվեց «Ինֆոքոմի» Զարա Խաչատրյանը՝ Գիտարբուք շարքի համար։

Այս անվանակարգում խրախուսական մրցանակ և 100 000 դրամ պարգև շնորհվեց «Ինֆոքոմի» լրագրող Անի Խաչատրյանին՝ Զորաց քարեր հոդվածի համար։

Ավանդույթի համաձայն հանձնաժողովը նաև հատուկ մրցանակ շնորհելու որոշում կայացրեց։ «Թվապատում 2024» ամենամյա մրցույթի հատուկ մրցանակ և 150․000 դրամ պարգև ստացավ Բուն թիվին՝ անցած 13 տարիների ընթացքում գիտական թեմաները հանրահռչակելու և շարունակական նվիրվածության համար։


«Թվապատում 2024» լրագրողական մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կառավարում է ԱՄՆ արտաքին օժանդակության ծրագրերը՝ տրամադրելով տնտեսական և հումանիտար աջակցություն աշխարհի ավելի քան 80 երկրներում:

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթին աջակցում են նաև Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը: 

 

 

 

 

 

 

 

 



Leave a Reply