- June 28, 2024
- Posted by: admin
- Category:
Ծրագիրը նպաստում է լրատվամիջոցների հզորացմանը՝ խթանելով նրանց անկախությունն ու կայունությունը, աջակցելով պատասխանատու ու հանրային նշանակություն ունեցող բովանդակության պատրաստմանը և մեդիա միջավայրի բարեփոխումների գործընթացում լրատվամիջոցների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավորած կոնսորցիումի կազմում են Երևանի մամուլի ակումբը, Մեդիա բազմազանության ինստիտուտը և Միջազգային մեդիա աջակցություն կազմակերպությունը (Դանիա)։
Աշխատանքներ են տարվում մեծացնելու լսարանի վստահությունը՝ զարգացնելով էթիկական սկզբունքների, թափանցիկության և հաշվետվողականության վրա հիմնված ինքնակարգավորման մեխանիզմներ։ Խնդիր է դրված խթանել մեդիագրագիտությունը, որպեսզի բովանդակություն սպառողներն առավել հմուտ կողմնորոշվեն լրատվական դաշտում։
Ծրագիրը լրագրողներին և լրատվամիջոցներին առաջարկում է վերապատրաստումներ ու խորհրդատվություն, ինչպես նաև դրամաշնորհներ։ Աջակցություն է տրամադրվում անվտանգ գործունեության համար՝ ապահովելու լրագրողների ֆիզիկական պատրաստվածությունը և նրանց կողմից օգտագործվող առցանց հարթակների անխափան աշխատանքը։
Եռամյա (2024-2027) ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
- մեդիակառավարման դպրոցներ,
- փաստերի ստուգման լրագրության զարգացում,
- բովանդակության պատրաստման դրամաշնորհներ և մենթորություն,
- ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հզորացում և գործունեության խթանում՝ վերապատրաստումների և իրազեկման արշավների միջոցով,
- ուսումնական այց Դանիայի ինքնակարգավորման կառույցներ,
- խմբագրությունների վերապատրաստում՝ ուղեցույցների և ներքին կանոնակարգերի մշակման միջոցով,
- «Բազմակողմանի լրատվության ձեռնարկի» նոր տարբերակի պատրաստում,
- հրատապ խնդիրների լուսաբանման մասին դասընթացներ,
- հոգեբանական, ֆիզիկական և թվային անվտանգության վերապատրաստումներ և քաղաքականության փաստաթղթերի մշակում խմբագրությունների համար,
- մեդիա դաշտում շահերի պաշտպանության գործողություններ,
- մրցանակներ լրագրողներին,
- լրատվամիջոցների բովանդակության վերլուծություն, մեդիագրագիտության թեմայով հրապարակումներ (Media.am) և միջոցառումների անցկացում։
Ծրագրի բյուջեն 530,000 եվրո է, որից 400,000-ը տրամադրել է Եվրոպական միությունը, իսկ 130,000-ը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ՝ Ինտերնյուս կազմակերպության հետ համատեղ իրականացվող Հայաստանում մեդիայի զարգացման ծրագրի ներդրումն է։
«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։