- August 3, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Արձագանքելով նոր համադրվող (convergent) մեդիա հարթակների միջավայրի մարտահրավերներին`«Առավոտ» օրաթերթի ռազմավարական նպատակը դարձավ իր կայքն ընթերցողներին ներկայացնել նոր` մուլտիմեդիա ձեւաչափով: Անհրաժեշտ էին օնլայն ռեժիմով աշխատանքի նոր մոտեցումներ եւ լրագրողների կողմից նոր մեդիա գործիքներով աշխատելու որոշակի գիտելիք ու հմտություններ:
Ավանդականից նոր ձեւաչափին անցման գործընթացը համընկավ «Ինտերնյուս»-ի հայտարարած մուլտիմեդիա լրագրության ամառային դպրոցին: «Առավոտ»-ի երիտասարդ լրագրող Լուսինե Խաչատրյանը հուլիսի 11-ից 30-ը մասնակցեց ամառային դպրոցին: Այն տեղի ունեցավ «Ինտերնյուս»-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Երեք շաբաթների ընթացքում ինչպես տեղացի, այնպես էլ ռուսաստանցի ու եվրոպացի փորձագետները հայաստանյան ինը լրատվամիջոցների լրագրողներին ներկայացրեցին մուլտիմեդիա նորությունների բաժնի աշխատանքի մեթոդները, մուլտիմեդիայի տարբեր ժանրերը եւ մոտեցումները, ինտերնետի համար տեքստեր գրելու առանձնահատկությունները, ֆոտո, աուդիո եւ վիդեո արտադրության սկզբունքները, էթիկական հարցեր:
Մասնակիցներից յուրաքանչյուրը տարբեր թեմաներով մի շարք նյութեր պատրաստեց` օգտագործելով տարբեր մուլտիմեդիա գործիքներ` սլայդ շոու, վիդեո, ինֆօգրաֆիկա, քարտեզներ: Որպես ավարտական աշխատանք, մասնակիցները բաժանվեցին երկու խմբի, աշխատեցին օնլայն խմբագրության ռեժիմով եւ պատրաստեցին իրենց լրատվական նյութերը:
«Մինչեւ ամառային դպրոցը ես համարյա ոչինչ չգիտեի մուլտիմեդիայի մասին, քանի որ Հայաստանում այն քիչ է օգտագործվում: Այժմ ես հստակ գիտեմ, թե որ պատմությունն է հարկավոր ներկայացնել վիդեոյի, որը` աուդիոյի, եւ որը` ֆոտոյի տեսքով: Ամառային դպրոցի արդյունքում ես դարձա ունիվերսալ լրագրող. ինքս եմ նկարահանում իմ գրած պատմությունը, ինքս մոնտաժում եւ հրապարակում մեր կայքում»,- ասում է Լուսինեն:
«Առավոտ»-ի խմբագրությունում Լուսինեն մուլտիմեդիա գաղափարների ու գործիքների առաջնամարտիկներից է: Նա սրտացավ է վերաբերվում www.aravot.am-ի նոր օնլայն տարբերակի կայացմանը: Լուսինեն ոչ միայն մուլտիմեդիա նյութեր է պատրաստում, այլեւ դրանք ակտիվորեն տարածում տարբեր հարթակներում: