- July 26, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Արման Ղարիբյանը «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդներից է եւ երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված մի խումբ երիտասարդների հետ առցանց ու հրապարակային ակցիաներ է կազմակերպում` կառավարությունից պահանջելով քաղաքացիների համար ապահովել անվտանգ եւ որակյալ տրանսպորտ:
«Ինտերնյուս»-ի «Նոր մեդիաներ իրավապաշտպանների համար» կոնֆերանսին Արմանը ներկայացրեց սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց օգնելու իր անձնական փորձը: Կոնֆերանսը տեղի ունեցավ հուլիսի 21-ին եւ 22-ին Ծաղկաձորում «Ինտերնյուս»-ի «Հասանելի դառնալ մարդկանց. իրավապաշտպան ՀԿ-ների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ծրագրի դասընթացներում ընդգրկված ՀԿ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Նրանք հավաքվեցին մեկ տեղում եւ ինֆորմացիա փոխանակեցին իրենց ընթացիկ ու առաջիկա այն ծրագրերի մասին, որոնց իրականացման ընթացքում կիրառում են նոր մեդիա գործիքները։ Առավել հաջողված վեց նախագծերի ու նախաձեռնությունների համար «Ինտերնյուս»-ը մրցանակներ շնորհեց` փոքր տեսախցիկներ: Դրանցից մեկը ստացավ Արման Ղարիբյանը:
Ծաղկաձորից Երևան վերադառնալու հենց հաջորդ օրը Արմանը Ֆեյսբուքում կարճ վիդեո տեղադրեց գերբեռնված ուղևորներով երթուղային տաքսիի մասին: Վիդեոն ուշադրություն գրավեց. մարդկանց հետաքրքրելու փորձը հաջողվեց:
Նույն օրը երեկոյան առաջին հաջողությունից ոգևորված Արմանը Ֆեյսբուքում տեղադրեց իր վիդեոկոչը տրանսպորտի աշխատանքից դժգոհ քաղաքացիներին՝ միանալու «Արաժանապատիվ տրասպորտ» նախաձեռնության առաջին հրապարակային ակցիային:
Հուլիսի 25-ին նախաձեռնության ակտիվիստները մայրաքաղաքի մարդաշատ կանգառներից մեկում իրականացրեցին «ԿանգԱՌ» ակցիան: Նրանք կանգնել էին պլակատներով և անցորդներին տեղեկատվական թերթիկներ էին բաժանում այն մասին, թե ինչ խախտումներով են աշխատում երթուղային տաքսիները, և ամեն անգամ դրանցով երթևեկելով մարդիկ որքան են վտանգում իրենց կյանքը: Հրապարակային ակցիաները/ բողոքները շարունակվեցին՝ ամեն անգամ նախաձեռնության շուրջը հավաքելով նոր համախոհների եւ գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը:
Ակցիաներին զուգահեռ Արմանը նախաձեռնության անունից դիմեց իրավասու պետական կառույցներին՝ պահանջելով հրապարակել քաղաքային տրասպորտի սպասարկող ընկերությունների պարտավորությունները եւ մեքենաների վիճակի մասին: Մեծ դժվարությամբ այս տեղեկատվությունը քաղաքապետարանից և տրասպորտի նախարարությունից ստանալուց հետո նա սկսեց վիդեոմոնիտորինգներ անցկացնել՝ համեմատելով տրանսպորտի իրական աշխատանքը պաշտոնական փաստաթղթերում եղած պարտավորությունների հետ:
«Վիդեոն հզոր գործիք է մարդկանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելու համար: Ֆեյսբուքի ուշագրավ ստատուսները միասին այնքան համակիրներ չեն բերում մեր էջին, որքան տեղադրված մեկ վիդեոն: «Ինտերնյուս»ի դասընթացների շնորհիվ հիմա կարողանում եմ նաև ինքս մոնտաժել իմ վիդեո նյութերը և դա էլ ավելի է մեծացնում վիդեոն օգտագործելու էֆեկտիվությունը: Նույն դասընթացների շրջանակում յուրացրել եմ նաեւ crowdmaping-ը, որը նույնպես շատ օգտակար է մեր նախաձեռնության համար»,- ասում է Արմանը: