- June 14, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Տեսակներ են վերանում, գետեր են ցամաքում, տունդ է քանդվում, ամեն անգամ, երբ ծառ ես կտրում». այս է երեք սոցիալական հոլովակներից մեկի կարգախոսը, որը պատրաստել է «Ինտերնյուս»-ը։ Հոլովակը ներկայացնում է ծառահատումների այնպիսի հնարավոր հետեւանքները, ինչպիսիք են սողանքները, ջրային ռեսուրսների նվազումը, անապատացումը, կարեւոր թռչնատեսակների վերացումը։ Արդյունքում տուժում է հայրենի բնությունը։
Երկրորդ հոլովակում անդրադարձ է կատարվում հայկական էթնիկ-մշակութային արժեքներից մեկին՝ տոհմածառին։ Զուգահեռներ են անցկացվում ծառի ճյուղերի եւ տոհմածառի միջեւ, որոնց կտրելու արդյունքում մարդը չորացնում է իր արմատները։
Մյուս հոլովակը պատասխանատու լինելու կոչ է անում փայտամշակող ընկերություններին։ Արտադրական նպատակով հատվող արժեքավոր տարբեր ծառեր սուպերմարկետում ներկայացվում են ապրանքի տեսքով, որոնց վաճառքից ստացված եկամուտը հաշվելիս՝ փայտ արտադրողին կոչ է արվում. «Հաշվի առ բնությանը պատճառված վնասը»։
Առաջիկա ամիսների ընթացքում սոցիալական հոլովակները կհեռարձակվեն հանրապետական եւ մարզային հեռուստակայաններով։