«Հիշողության անատոմիա»․ փորձարարական դասընթացի հրավեր

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կազմակերպում է «Հիշողության անատոմիա» խորագրով փորձարարական լրագրողական դասընթաց՝  Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող թեմաներով։ Այս անգամ մենք ակնկալում ենք ոչ միայն լրագրողների, այլ նաև նրանց պատմությունների հիմնական կերպարների՝ հերոսների մասնակցությունը։

Հեղինակ-հերոս ստեղծագործական թիմերը 5 օրվա ընթացքում փորձագետների օգնությամբ կստեղծեն մուլտիմեդիա պատմություններ։ Պատմությունների թեմաները պետք է առնչվեն Ղարաբաղյան հակամարտության խնդիրներին ու հետևանքներին, ներկայացնեն պատերազմի ազդեցությունը մարդկանց վրա։ Դասընթացը ենթադրում է երկու համահեղինակների ակտիվ ներգրավվածություն և համատեղ աշխատանք։ Առաջարկվող լրագրողական պատմությունը կարող է ունենալ մի քանի հերոս, բայց նրանցից միայն մեկն է կարող լինել համահեղինակ և մասնակցել դասընթացին։

Մասնակցելու համար հեղինակ-հերոս երկու հոգանոց թիմը պետք է ներկայացնի․

  • համառոտ տեղեկություն լրագրողի մասնագիտական փորձի և համահեղինակ հերոսի մասին,
  • առաջարկվող պատմության նկարագրությունը (սինոփսիս)` 300 բառի սահմաններում,
  • պատմությանն առնչվող տեսալսողական նյութեր (օր՝ անձնական արխիվներից լուսանկարներ, տեսանյութեր, նամակներ, արտիֆակտներ և այլն), որոնք կարող են օգտագործվել պատմության վիզուալացման նպատակով)։

Դասընթացի արդյունքում պետք է ստեղծվեն մուլտիմեդիա պատմություններ՝ հիմնված անձնական պատմությունների և արխիվային նյութերի, մասնակիցների հիշողությունների վրա։ Թիմերը կստանան հոնորար` դասընթացին մասնակցելու, նյութը ստեղծելու և հրապարակելու համար։

Դասընթացի հիմնական դասավանդողն է մուլտիմեդիա պրոդյուսեր և լրագրող Արտյոմ Գալուստյանը։

Դասընթացը նախատեսված է 5 թիմի/10 մասնակցի համար և անցկացվելու է Երևանից դուրս գտնվող հյուրանոցներից մեկում (մանրամասների մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները)։

Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 25-ն է։ Խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հետևյալ հասցեով՝ [email protected]


Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ EU4peace ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։



Leave a Reply