Ամփոփեցինք «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի առաջին տարին

Մեկ տարի է, ինչ մեր գործընկերների՝ Երևանի մամուլի ակումբի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հետ, իրականացնում ենք «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը։ Այն բազմաթիվ բաղադրիչներ ունի․ լրագրողների անվտանգության դասընթացներ, փաստերի ստուգում, օրենսդրական դաշտի բարելավում, լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթաց, թվային անվտանգության խորհարդատվություն, մեդիա բովանդակության ստեղծման համար դրամաշնորհներ․ սրանք բազմատարր ծրագրի գործողությունների փոքր մասն են։

Մարտի 4-ին ամփոփեցինք ծրագրի առաջին տարին, խոսեցինք արված գործերի, հաջողությունների և խնդիրների մասին։

Միջոցառմանը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը ներկայացրեց ծրագրի շրջանակում վերախմբագրված և արդիականացված «Բազմազանության լուսաբանման ձեռնարկը»։ Այն լրագրողին օգնում է հաղորդակցվել տարբեր խմբերի հետ, նախապատրաստվել և վարել հարցազրույցներ, զգայուն լինել ու չվնասել հերոսին կամ տեղեկատվական աղբյուրին և նյութը մատչելի դարձնել լայն լսարանի համար։

Ծրագրի առաջին դրամաշնորհային մրցույթի արդյունքում հինգ նախագիծ է իրականացվելու։ Քրիստինե Աղալարյանը, Շուշան Փափազյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անյա Սարկիսովան և Տաթև Խաչատրյանը ներկայացրին իրենց նախագծերի թեմաները, գաղափարները և ձևաչափերը։ Բովանդակային մասին հաջորդեց դրամաշնորհների պայմանագրերի ստորագրումը։ Առաջիկա ամիսների ընթացքում նրանք նյութեր կպատրաստեն առողջապահական, բնապահպանական և սոցիալական հրատապ հարցերի մասին։


«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։



Leave a Reply