- July 13, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
Մեկնարկեց մեր «Հակամարտությունների լուսաբանում. լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի երկրորդ փուլը:
Մեկնարկի միջոցառմանը ներկայացրինք Կոնֆլիկտի լուսաբանում․ 23 դաս լրագրողի համար առցանց դասընթացը։ Դասընթացի շրջանակում ոլորտի հեղինակավոր մասնագետները ներկայացնում են ճգնաժամային իրավիճակների լուսաբանման կարևոր մոտեցումները, որոնք հիմնված են լրագրողական տեղական, միջազգային փորձի և օրինակների վրա։
Ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանն ամփոփեց ծրագրի առաջին փուլը, նշելով, որ հիմնական գործողություններն ուղղված են եղել զինելու լրագրողներին հակամարտությունների լուսաբանման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։
Նախորդ երեք տարիների ընթացքում ծրագրի շրջանակում հակամարտություններով զբաղվող լրագրողների համար կազմակերպել ենք լրագրողական ամառային դպրոցներ, երկու «Թվապատում» կոնֆերանս, ունեցել ենք ուսումնական այց դեպի Վրաստան, հրապարակվել են լրագրողական նյութեր հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ:
Միջոցառմանը ներկայացվեց նաև դասավանդողների համար նախատեսված Մեդիագրագիտությունը հակամարտությունների ժամանակ ձեռնարկը (ստեղծվել է U4peace ծրագրի շրջանակում), որը կօգնի ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում սովորողներին բացատրել հակամարտության ու մեդիայի փոխազդեցությունը:
Հուսով ենք, որ ծրագրի երկրորդ փուլը նույնչափ հետաքրքիր ու արդյունավետ կլինի լրագրողների համար:
Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։