- November 7, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նոյեմբերի 6-12-ը Հայաստանում հայտարարված է Մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն վեցերորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնությունը․ «Մեդիագրագիտության կարևորության և խնդիրների մասին միայն այս ծրագրի ընթացքում չէ, որ խոսում ենք. այն մեր ամբողջ տարվա գործն է: Սակայն այս շաբաթը թույլ է տալիս ավելի թիրախային ամփոփելու արված աշխատանքները, վերլուծելու, քննարկելու անելիքները, ինչպես նաև այս ծրագրերի, միջոցառումների անցկացման հնարավորություն ընձեռել հիմնական շահառուներին: Միջոցառումներն ու ծրագրերն այնքան բազմազան են, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կգտնի հենց իր հարցերին ամենաճշգրիտը պատասխանող ձևաչափը»։
«Եվրոպական Միությունը եղել է տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի առաջնագծում: Մեդիագրագիտությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական արժեքների պահպանման համար։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ դիմակայելու գործում: Մենք համագործակցում ենք ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների հետ և ֆինանսավորում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ապատեղեկատվության դեմ պայքարին և զարգացնելու քննադատական մտածողություն, մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն, հատկապես հայ երիտասարդության շրջանում», իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։
«Մենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում խորապես համոզված ենք, որ լրատվամիջոցները և տեղեկատվական գրագիտությունը հիմնաքարային նշանակություն ունեն։ Եվ այն քաղաքացիները, որոնք կարողանում են գտնել, վերլուծել, գնահատել և օգտագործել ինֆորմացիան՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակությունների հենասյուներն են», – մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Ն․Գ․ պրն Վիկտոր Ռիխտերի խոսքով՝ սա հաջողված համատեղ ծրագիր է շատ կարևոր ոլորտում՝ մեդիագրագիտության, երիտասարդության զորեղացման համատեքստում․ «Պետք է հաշվի առնենք, որ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում առանցքային է գերմանական տեսանկյունից և ես կցանկանայի նշել, որ մենք ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանին այս ծանր իրավիճակում սատարելու գործընթացներին»։
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած «Մեդիա և ինֆորմացիոն գրագիտությունը թվային միջավայրում» գլոբալ շաբաթվա շարունակությունն է։ Այս տարի Հայաստանում շաբաթն ունի «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագիրը։ Շաբաթվա ընթացքում երկրիդպրոցներում, բուհերում, գրադարաններում, տարբեր կրթական հաստատություններում անցկացվում են դասեր, խաղեր, կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ փորձագետների և լրագրողների հետ, համալսարաններում՝ իրականացվում են թեմատիկ բանավեճեր և դասախոսություններ, ուսուցիչների համար իրականացվում են դասընթացներ ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետների ներգրավմամբ առցանց և անցանց ձևաչափերով։
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթն այս տարի անցկացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իարականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում։
Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2023 հեշթեգերի ուղեկցությամբ։
**
Մեդիագրագիտության տարածումը և դասավանդումը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կարևոր ուղղություններից մեկն է։ Մեդիակրթությունը մշտապես եղել է կազմակերպության 26 տարիների գործունեության մասը, մենք օգնել ենք երեխաներին ու երիտասարդներին ավելի լավ հասկանալ մեդիան՝ ստեղծելով հաղորդումներ և ֆիլմեր։ Իսկ 2011 թվականից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսեց համակարգված գործընթաց՝ դպրոցների համար մեդիագրագիտության դասընթաց, ձեռնարկ, ուսումնական նյութեր ստեղծելու, ուսուցիչներին վերապատրաստելու, հանրակրթության մեջ մեդիագրագիտությունը ինտեգրելու ուղղությամբ, համագործակցելու կրթական հասարակական կազմակերպությունների, հանրային լրատվամիջոցների հետ՝ տարածելու մեդիագրագիտության ուղերձները, հմտությունն ու գիտելիքը։
2017-ին արժանացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքի գլխավոր մրցանակին՝ Հայաստանում և տարածաշրջանում մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար։
ՄՆԿ մեդիագրագիտության ռեսուրսները՝ խաղերը, ձեռնարկները, դասերը հասանելի են media.am կայքում։
————
Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Մեդիագրագիտության շաբաթը իրականացվում է նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։