- May 4, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Այս տարի մայիսի 3-ին Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից հիմնադրված «Մամուլի ազատության մրցանակ»-ը շնորհվեց Factor.am-ի գործադիր տնօրեն Արևհատ Սահակյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։ Իր ութերորդ տարեդարձը նշող Factor TV-ն սկզբում կենտրոնացած էր հետաքննական և բացատրական լրագրության վրա, սակայն ժամանակի ընթացքում նժարը թեքվեց ամենօրյա լրատվության կողմը։
Մրցանակը ստանալուց Արևհատը կիսեց իր մտահոգությունը․ «Մենք այսօր ապրում ենք տեղեկատվական հոսքերի հորձանուտում, ատելության խոսքի գերդոզավորման պայմաններում և սա շատ է բարդացնում բոլորիս կյանքը։ Այդ ամենն ազդում է լրագրողների ամենօրյա աշխատանքի որակի վրա»,
«Մամուլի ազատության մրցանակը» հանձնեցին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանը։ Նաև խոսվեց լրատվական դաշտի մարտահրավերների, այդ թվում ֆինանսական խնդիրների մասին:
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը 1993 թվականին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Այն նպատակ ունի հիշեցնել կառավարություններին իրենց պարտավորությունների մասին՝ ապահովելու խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել այն լրագրողներին, որոնք զոհվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։