Հինգ մատի պես ճանաչել մեդիան․մեդիագրագիտության ձեռնարկ

Բացիր ձեռքդ, արի սկսենք հաշվարկը, յուրաքանչյուր թեմայից հետո, երբ վստահ լինես, որ յուրացրել ես այն, փակիր մի մատդ․․․ ու երբ արդեն բռունցք ունենաս, ասա՝ ես ճանաչեցի մեդիան 5 մատիս պես։

Հենց այսպես էլ ստեղծվեց ՄՆԿ մեդիագրագիտության ձեռնարկը, որը պատմում է դավադրության տեսությունների, սոցիալական ցանցերի և ինֆուենսերների, քաղաքացիական ակտիվ մասնակության և թվային գործիքների մասին։

«5 մատի պես ճանաչել մեդիան» ուղեցույցը նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող մասնագետների, ակումբավարների, խմբակավարների, երիտասարդական աշխատողների և ուսուցիչների համար։ Ձեռնարկը հասանելի է նաև առցանց` https://shorturl.at/puIep

Գրքի շնորհանդեսի ժամանակ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանն ասաց, որ գիրքը կարևոր է ռեսուրս է և, միանշանակ, համալրելու է մեդիագրագիտության ռեսուրսների բանկը։ Վերջինիս խոսքով՝ մեդիագրագիտությանը վերաբերող գրքերի կարիք միշտ կա, քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ օրի օրի զարգանում է, ստեղծվում են նոր մարտահրավերներ, որոնց դեմ պայքարի նոր գործիքակազմեր են մշակվում։  

«Մեդիագրագիությունը ճշգրիտ գիտություն չէ, որ ասես՝ վերջ, սովորեցի, այլևս մեդիագրագետ եմ։ Ամեն օր ստեղծվում են ինտերնետային նոր վիրուսներ, անձնական տվյալները հափշտակելու նոր մեխանիզմներ և այլն։ Չկա մեկ բանաձև, որն այս ամենից քեզ հեռու կպահի։ Դու պետք է ամեն նոր մեխանիզմի հետ սովորես դրա դեմն առնելու միջոցը»,- շեշտեց նա։  


Ձեռնարկը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

Ձեռնարկը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:



Leave a Reply