- February 27, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Փետրվարի 26-27-ը ՄՆԿ-ում անցկացված հանդիպումների գլխավոր թեման կլիմայի փոփոխության լուսաբանումը և հաղորդակցությունն էր։ Ոլորտի խնդիրները քննարկում էինք լրագրողների և դասավանդողների հետ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Վրաստանի Լրագրության ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ թարգմանել և տեղայնացրել է «Կլիմայի փոփոխություն․ լուսաբանման և հաղորդակցության մոտեցումներ» միջազգային ուսումնական մոդուլը, որը կարելի է կիրառել որպես առանձին դասընթաց բուհերում կամ ներառել այլ թեմատիկ դասընթացների մեջ։
Ուսումնական ծրագրի տեղայնացման աշխատանքներում ներգրավված փորձագետները լրագրողների հետ միասին փորձեցին հասկանալ՝ ինչպես կարելի է կլիմայի փոփոխության թեման ներառել մեդիայի լուսաբանման օրակարգում ու պարզ, մատչելի ներկայացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առօրյայի վրա։
Ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման համար նախատեսված ուսումանական ձեռնարկը, որը ներառում է բաժիններ կլիմայի փոփոխության լուսաբանման ու հաղորդակցության հարցերի, շրջակա միջավայրին առնչվող որոշումների և հանրային իրազեկման ընթացակարգերի, միջազգային և տեղական տվյալների շտեմարանների և այլ բաց ռեսուրսների մասին, ներկայացվեց նաև տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչների։
Իսկ արդեն փետրվարի 28-ին հանդիպել էինք կլիմայի փոփոխության ոլորտի մասնագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու թեմայի շուրջ հանրային հաղորդակցության խնդիրները։
Պետական մարմինների արձագանքները հաճախ ուշացած են, մեդիային տրամադրվող տեղեկատվությունը՝ ոչ լիարժեք, հրապարակող հետազոտություններն ու տվյալները՝ բարդ լրագրողների համար։ Մյուս կողմից՝ խմբագրությունում չկան բավարար ռեսուրսներ, որ լրագրողները խորանան ու մասնագիտական այս թեմաների մեջ։ Պարզ, մատչելի հաղորդակցվող, բանիմաց փորձագետների կարիք կա։
Այս և այլ հարցերի շուրջ բաց, օգտակար քննարկում ստացվեց, կապեր հաստատվեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ աշխատանքն ավելի թափացիկ ու արդյունավետ դարձնելու համար։