- October 20, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


«Բացարձակ անհայտ թեմաներ բացահայտելու արշավ էր Սևանի շուրջ մեր շրջագայությունը, – այսպես է նկարագրում «Լճից լիճ» լրագրողական արշավը Factor TV-ի լրագրող Գարիկ Հարությունյանը․- Թեմաները բազմազան են, ու դրանք նաև ստիպելու են վերադառնալ, նորից դիտարկել ու խորանալ, բացահայտել»:
Սևանա լճի ավազանի տարածքով «Լճից լիճ» թիմային արշավին մասնակցում էին լրագրողներ Բելգիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լատվիայից, Ղազախստանից և Հայաստանից։
Առաջին օրն անցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում՝ կողմնորոշում, ծանոթություն ծրագրին, մի քիչ պատմություն, մի քիչ բնապահպանություն։
Հաջորդ չորս օրերի ընթացքում լրագրողների խումբը շրջեց Գեղարքունիքի մարզի քաղաքներում և գյուղերում, շփվեց տեղի բնակիչների, ձեռներեցների, գիտնականների և հասարակական գործիչների, գյուղատնտեսությամբ և տուրիզմով զբաղվող գործարարների հետ։
Մասնակիցների մեծ մասի համար սա առաջին այցն էր Հայաստան։ Լատվիայի Հանրային հեռուստատեսության լրագրող և խմբագիր Իեվա Ստրազդինայի համար «Լճից լիճը» համայնքային կյանքը ներսից հասկանալու, տեղացիների խնդիրներն ու 2000 մետր ծովի մակարդակից բարձրության վրա գտնվող լճի շրջակայքում ապրելու դժվարությունները բացահայտելու ու Հայաստանը ճանաչելու հնարավորություն էր։
«Լճից լիճ» ծրագրի յուրաքանչյուր օրը մի առանձին պատմություն էր, ինչի մասին է այս ֆոտոշարքը։
Ղազախսատանի Astanovka98 հարթակի խմբագիր Ժասմին Տայգանովան փորձեց լավաշ թխել, մինչ խումբը համտեսում էր այն հայկական պանրով։
Հաջորդ կանգառը «Սևան ազգային պարկն» էր։
Մարտունի գյուղում լրագրողները գտան ամենահամեղ հանգիստը՝ մեղուների բզզոցի տակ։
Մեղվապահ Հայկ Հովհաննիսյանն այստեղ ստեղծել է ապիթերապիայի կամ մեղվաբուժության առաջին կենտրոնը Հայաստանում։
Վանից գաղթած պապի գործը շարունակելով, մեղվապահը արդեն հինգ տարի է՝ իր հյուրատունը տրամադրել է 44-օրյա պատերազմին Հադրութից տեղահանված ընտանիքի։ Նրանց տրամադրել է փեթակներ ու փոխանցել մեղվաբուծության գաղտնիքները։
Մեղր, մեղվակաթ, հատապտղային կրեմ-մեղրից մինչև մեղրամոմից պատրաստված դեկորատիվ մոմեր՝ մեղվապահ Հայկի ու իր կնոջ ձեռքերով։
«Չէի պատկերացնի, որ հարյուր հազարավոր մանր ձկներ հնարավոր է մի տեղում տեսնել, պատմում է լատվիական Delfi լրատվական հարթակի լրագրող Պոլինա Սիլինան»։
Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի «Սևանի իշխան» ձկնաբուծարանից ամեն տարի Սևանա լիճ են բաց թողնում մոտ 500․000 Գեղարքունի ենթատեսակի իշխանի մանրաձուկ։ Նպատակն է՝ պահպանել Սևանի իշխանի տեղական, էնդեմիկ տեսակը։ «Մեզ ցույց տվեցին ձկնաբուծության ամբողջ ցիկլը, այստեղ լուրջ գիտական աշխատանք է կատարվում։
Տնօրեն Տիգրան Վարդանյանը պատմեց՝ եթե ամեն ինչ ճիշտ ընթանա, տասը տարի անց լճում կվերականգնվեն Սևանի իշխանի պաշարները»։
Եթե ժամանակին չիրագործվեր ֆանտաստիկ թվացող Արփա-Սևան թունելը, Սևանը կարող էր ամբողջովին ցամաքել, ինչպես այսօր Ուրմիան Իրանում, լրագրողներին պատմեց Անահիտ Գևորգյանը, Մարտունի քաղաքի պատկերասրահի տնօրեն և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահը։
Լրագրողներն Անահիտին հանդիպեցին ուրարտական սեպագրի մոտ, լսեցին Սևանի անվանման մասին լեգենդներ, տեսան թունելի տարածքը։
Պատկերասրահում Արփա-Սևանի կառուցման քսան տարիների մասին պատմող մուլտիմեդիա նախագիծը կարծես ժամանակի մեքենայով լրագրողներին տարավ այն օրերը, երբ ամեն օր ռադիոյով հնչում էր Արփա-Սևան երգը։
«Լինելով Արարատի մարզից, երբեք չէի մտածել, որ Գեղարքունիքի կլիման թույլ է տալիս բրոկոլի աճեցնել 2000 մետր բարձրության վրա», ասում է Քնար Խուդոյանը։
«Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանը 2017 թվականից աշխատելով գյուղում ոչ միայն ստեղծել է նոր աշխատատեղեր, այլև վերադարձրել արտագնա աշխատանքի մեկնած բնակիչներին: Գյուղացիները բերում են բանջարեղեն, թեյ, խոտաբույսեր, իսկ Արտուշը վերամշակում և իրացնում դրանք:
Արտուշը ցույց տվեց իր մշակած ոռոգման նոր համակարգը, պատմեց, թե ինչպես է հնարավոր ջուրը խնայելով պահել բերքը սարերում։ Միասին շրջեցին այգիներով, համտեսեցին ու իրենց հետ տարան Արտուշի աճեցրած քեյլն ու կոլրաբին։
Շրջայցի ընթացքում հանդիպեցինք Արցախից տեղահանցած ընտանիքների, լսեցինք նրանց պատմությունները՝ դժվարությունները, որոնք հաղթահարում են տեղահանումից հետո։
Հակամարտություն լուսաբանող ուկրաինացի լրագրող Օլենա Սոլոդովնիկովայի համար հատկապես ծանր էին այս հանդիպումները։ Միևնույն ժամանակ նա ոգեշնչված էր իր լսարանին պատմելու, թե ինչպես են արցախցիները նոր կյանք սկսելու ուժը վերգտել։


Մեդիա արշավն անցկացվել է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում HEKS/EPER շվեյցարական եկեղեցու օգնության հիմնադրամի և Bread for the World գերմանական բողոքական եկեղեցիների զարգացման և օգնության գործակալության աջակցությամբ: