«Թվապատում 2021» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 7-րդ մրցույթը: Մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ընտրությունների, ճգնաժամերի, համավարակի և հետպատերազմական իրավիճակում մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության, երկրի կայունացման ճանապարհների, բարեփոխումների և հնարավոր տնտեսական լուծումների  վերաբերյալ։

«Թվապատում 2021. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ անվանակարգերից որևէ մեկին`

Անվանակարգեր և մրցանակներ

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով: Այս անվանակարգի նյութերը կարող են ներկայացնել մրցույթի թեմաներից ցանկացածը։

Կպարգևատրվի թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Ռեինֆորմացիա. Անվանակարգին ներկայացվող նյութերը պատմում են տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված և անհաջող փորձերի, մասին:

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Դիտակ

Այս անվանակարգում ներկայացված նյութերը կարող են՝ ա․պատրաստված  լինել լրագրողական հետաքննության ժանրում, պարունակել  լրագրողական հետաքննության տարրեր;  բ․հիմնաված լինել քողարկված, կամ անորոշ տեղեկատվության բացահայտման, փաստերի ստուգման ու ճշգրտման, ապատեղեկատվություն և մանիպուլյացիա բացահայտման վրա։ Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն, տվյալների լրագրության և այլ նոր մեդիա գործիքների օգտագործումը:

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Արտակարգ Գրություն

Լրագրողական աշխատանքները կարող են անդրադառնալ Ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին: Ուշադրության կենտրոնում կարող են լինել անհայտ կորածներն ու գերեվարված անձինք և նրանց հարազատները, մարտական գործողություններին կամ շփման գծին մոտ ապրող և տուժած քաղաքացիական անձինք, մարդասիրական աշխատանքներում ներգրավված մարդիկ, հակամարտության գոտում առկա այլ թեմաների և դրանց հետ կապված հերոսների պատմություններ։

Այս անվանակարգի նյութերը կարող են անդրադառնալ նաև մարդու իրավունքներին, ոլորտում առկա սուր խնդիրների բացահայտմանը, մարդկային ճակատագրերի պատմություններին, իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ պայքարի օրինակներին և այլն։ Լրագրողական աշխատանքները այս անվանակարգում կարող են ներկայացնել նաև Covid 19 համավարակից առաջացած խնդիրները հասարակության, առանձին մարդկանց կյանքում։

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2020 թ օգոստոսի 1-ից 2021թ. հուլիսի 30-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր, փոթկաստ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթին չեն կարող ներկայացվել այն նյութերը, որոնք ստեղծվել են «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2021 թ. հուլիսի 31-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2021 թ․-ի հոկտեմբերին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել
Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112), 099 225075
Անի Դարբինյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)


«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:



Leave a Reply