- January 31, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Եթե դուք 18-30 տարեկան եք, ակտիվ եք, ունեք գաղափարներ, որոնք ուզում եք լսելի դարձնել, ունեք կարևոր ու հետաքրքիր ասելիք, սիրում եք բովանդակություն ստեղծել սոցիալական մեդիայի համար, ուզում եք ազդեցիկ լինել, փոփոխություններ բերել, դառնալ կարծիքի առաջատար, դիմե՛ք մասնակցելու «Ես եմ մեդիան» ինֆլուենսերների ճամբարին։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացնում է 7-օրյա ուսուցողական ճամբար երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են մեդիագրագիտության, մարդու իրավունքների և սոցիալական թեմաներով, ուզում են սովորել՝ ինչպես ստեղծել որակյալ մեդիա բովանդակություն և ասելիքը դարձնել լսելի և ազդեցիկ։
Ճամբարի շրջանակում մասնակիցները կկենտրոնանան նորարարական և գրավիչ մեդիա ձևաչափերի և գործիքների կիրառման վրա՝ կրթական, մոտիվացիոն, տեղեկատվական բովանդակություն ստեղծելու և տարածելու համար, որը նպաստում է երիտասարդների մասնակցությանը սոցիալական և քաղաքացիական գործընթացներին։
Ճամբարի ընթացքում դասընթացները կվարեն միջազգային և տեղացի փորձագետները՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ, կլինեն պանելային քննարկումներ երիտասարդ ինֆլուենսերների, հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործնական աշխատանքներ։
Ճամբարի շրջանավարտները հնարավորություն կունենան`
- զարգացնելու որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու հմտությունները՝ շեշտը դնելով սոցիալական մեդիայի վրա
- հարստացնելու քննադատական մտածողության, մեդիա էթիկայի, հեղինակային իրավունքների, փաստերի ստուգման և թվային անվտանգության գիտելիքները
- ձեռք բերելու բովանդակության ստեղծման նոր մեթոդների, դրանց կիրառման կարողություն
- ներգրավվելու առաջիկայում նախատեսվող երիտասարդների համար հեռուստահաղորդման արտադրության մեջ
- ստանալու դրամաշնորհներ տարբեր թեմաներով բովանդակություն ստեղծելու համար
Ճամբարի ավարտին յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի մինչև 2,500 եվրո արժողությամբ ենթադրամաշնորհ` տարբեր մեդիա հարթակներում կրթական, մոտիվացիոն, տեղեկատվական բովանդակություն ստեղծելու և տարածելու համար: Առաջնահերթությունը կտրվի այն նախաձեռնություններին, որոնք միտված կլինեն երիտասարդության մասնակցության խթանմանը սոցիալական և քաղաքացիական հարցերում, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ժողովրդավարական արժեքների մասին իրազեկության բարձրացմանը:
Մասնակիցները պետք է պատրաստ լինեն իրականացնելու այս կետը` որպես պարտադիր պահանջ։
Ճամբարի ենթադրամաշնորհային բաղադրիչը համակարգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։
Մասնակցության պայմաններ
«Ես եմ մեդիան» ինֆլուենսերների ճամբարը կանցկացվի 2025 թ․-ի մարտի 3-ից 9-ը Երևանից դուրս։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Մանրամասների համար գրել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։
Ճամբարն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: