- December 6, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ


«Հույսը լավ ստրատեգիա չէ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար»․- ուկրաինացի լրագրող, Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար Օլգա Գուժվան, որ հաճախ է աշխատում պատերազմի առաջնագծում, հայաստանցի գործընկերներին խորհուրդ է տալիս նախապես և մանրամասն պատրաստվել արտակարգ իրավիճակներում աշխատանքին թե՛ անհատական, թե՛ խմբագրական մակարդակում։
Գուժվան Հայաստան էր եկել վտանգավոր պայմաններում աշխատանքի իր փորձը կիսելու տեղացի լրագրողների ու խմբագիրների հետ։ Նոյեմբերի 23-25-ը մեր գործընկերները վերհիշեցին պատերազմական իրավիճակում անվտանգության նրբություններն ու առաջին օգնության գիտելիքներ։
Դասընթացի առանցքում էր ոչ միայն լրագրողների ֆիզիկական, այլև հոգեբանական անվտանգությունը։ Արտակարգ իրավիճակներում աշխատելիս կարևոր է էմոցիոնալ դիմակայությունը, ինչին հնարավոր չէ հասնել առանց սեփական հույզերը ճանաչելու և ընդունելու։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է հավասարակշռել լրագրողական պրոֆեսիոնալիզմն ու պարզ մարդկային կարեկցանքը, հատկապես զգայուն թեմաներ լուսաբանելիս:
Այդպիսի իրավիճակներում հատկապես կարևոր է թվային անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը, որի մասին մասնակիցների հետ խոսեց ու խորհուրդ տվեց Արթուր Պապյանը։
Գուժվան ընդգծեց, որ շուրջ 5,4 միլիարդ մարդ հասանելիություն ունի համացանցին, ինչը նշանակում է՝ աշխարհի բնակչության 67%-ը կիբեռհանցագործների պոտենցիալ թիրախ է։ Լրագրողները, որ հաճախ տիրապետում են զգայուն տեղեկությունների, առավել քան զգոն պետք է լինեն թե՛ իրենց անձնական, թե՛ մասնագիտական տվյալները պաշտպանելու հարցում։ Մասնակիցները վերհիշեցին կիբեռգրոհների այն տեսակները, որոնց հաճախ են ենթարկվում լրագրողները, թվային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործնական խորհուրդներ ստացան, ծանոթացան նոր գործիքների։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շուրջ երկու տարի է՝ զինված ընդհարումների ժամանակ կամ ճգնաժամային իրավիճակներում աշխատած լրագրողների, խմբագիրների և օպերատորների համար կազմակերպում է անվտանգության և առաջին օգնության վերապատրաստման դասընթացներ։ Այդ դասընթացներին մասնակցած տասնյակ մեդիա մասնագետներ իրենց գիտելիքներն ու փորձն արդեն իսկ փոխանցել են իրենց խմբագրություններին՝ ընդհանուր առմամբ աշխատելով ավելի քան 70 լրագրողի հետ։ Վերապատրաստված լրագրողների նոր խումբն իր դասընթացները սկսի առաջիկա օրերին։
«Լրագրողների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» դասընթացը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրոպական միության աջակցությամբ։