Մեդիա կառավարման առցանց դպրոց

Եռամսյա ուսումնական ծրագիր լրատվական դաշտի մասնագետների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Դոյչե Վելլե Ակադեմիայի  հետ սկսում է նոր ուսումնական ծրագիր՝ նախատեսված լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, կոմերցիոն և բիզնեսի զարգացման բաժինների պատասխանատուների, կառավարման գործում ընդգրկված այլ մասնագետների, ինչպես նաև՝ մեդիայի կառավարման խնդիրներով հետաքրքրված ուսանողների համար։

Դպրոցը նպատակ ունի զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության,  մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում, որոնք  կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ  պլանավորման, այնպես էլ՝ թվային միջավայրի փոփոխություններին  արձագանքելու համար։

Դպրոցը հաջողությամբ ավարտողները՝

  • Կկարողանան իրականացնել ռազմավարական պլանավորում,
  • Ձեռք կբերեն ծրագրերի, ռեսուրսների և ֆինանսների կառավարման հմտություններ,
  • Կկարողանան մշակել լրատվամիջոցի և մեդիա բովանդակության առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
  • Կտիրապետեն թվային միջավայրում մեդիա բիզնես կազմակերպելու եւ մեդիաարտադրանքն ավելի մրցունակ դարձնելու հմտություններին,
  • Կկիրառեն տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ թվային հարթակներում լսարանի հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։

Դպրոցը կանցկացվի 4 թեմատիկ մոդուլով, որոնք ներառում են տեսական դասեր, իրավիճակների վերլուծություն, անհատական նախագծերի մշակում՝ մենթորների օգնությամբ։

Յուրաքանչյուր մոդուլ կտևի մինչև 4 շաբաթ. դասերը՝ շաբաթական 2 օր, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:

Ուսուցումը կազմակերպվելու է հիմնականում առցանց։ Դասավանդելու են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի՝ կլինեն նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից եւ արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։

Դասերին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ սովորողի ներկայությունն է նաև ձեւավորելու մոդուլային գնահատականը։

Դպրոցի գործնական առաջադրանքներն ու ուսումնական նյութերը տեղադրվելու են ՄՆԿ-ի առցանց ուսուցման հարթակում։

Ուսումնական ծրագիրը՝ համառոտ

Մոդուլ 1։  Ռազմավարական կառավարում

Մասնակիցները սովորելու են սահմանել հստակ և իրագործելի բիզնես նպատակներ, գտնել եկամտի նոր աղբյուրներ, փնտրել զարգացման հնարավորություններ՝ անգամ ճգնաժամերի փուլում։ Ձեռք են բերելու անձնակազմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման հմտություններ։

Մոդուլ 2 Թվային զարգացման ռազմավարություն

Ուսումնասիրելու են թվային միջավայրում մեդիայի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Տիրապետելու են լսարանի չափման և ուսումնասիրության, տեղեկատվության ուղիների ընտրության, առցանց հարթակներում նախագծերի մոնետիզացման ծրագրերին եւ գործիքներին։

Մոդուլ 3։ Մարքեթինգ

Մոդուլը վերաբերում է մեդիա կազմակերպությունների մարքեթինգային հաղորդակցության առանձնահատկություններին՝ դիտարկելով խնդիրը մի դեպքում ՝ լսարանի և սպառման, մյուս դեպքում՝ գործընկեր կազմակերպությունների և բիզնես կապերի տեսանկյունից:

Մասնակիցները սովորելու են սահմանել մարքեթինգային նպատակներ և չափել արդյունքները, կառավարել գովազդն ու ֆինանսական հոսքերը։

Մոդուլ 4։ Ֆինանսների կառավարում

Ներկայացվելու են ֆինանսների կառավարման և վերլուծության հիմնական սկզբունքները, որոնք կարեւոր են բիզնես որոշումների կայացման համար՝ ռեսուրսների պլանավորում, բյուջեի կազմում, դրամական միջոցների հոսքերի կանխատեսում, ֆինանսական հաշվետվությունների ընթերցում, հարկային խնդիրների կարգավորում և այլն:

 Անհատական աշխատանք (նախագծի մշակում)

Ուսումնական ծրագրի ավարտին սովորողները մենթորների աջակցությամբ մշակելու են բիզնես նախագծեր։ Դրանք կարող են վերաբերել նոր մեդիա արտադրանք, ծառայություն գործարկելուն, մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարություն մշակելուն եւ այլն:

Ինչպես դիմել

Դպրոցում սովորելու համար պետք է ներկայացնել բիզնես նախագծի գաղափար (Առավելագույնը մեկ էջ) և լրացնել առցանց հայտը։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է մրցունակ գաղափարներին և դիմողի աշխատանքային փորձին։

Դպրոցի առաջին փուլի մասնակիցների համար դասերը կսկսվեն ապրիլի 25-ից և կտևեն երեք ամիս։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055 89 57 00։


Մեդիա կառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

 

 

 

 

 

 



4 Comments

  • Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ առաջարկում եք շատ հետաքրքիր դասընթաց,մասնավորապես, 1-ին, 2-րդ և 3-րդ մոդուլները, նաև հավելեմ անհատական գործնական աշխատանքը։ kinoashkharh.am կինոյի մասնագիտացված կայքի համար այն շատ կարևոր կլինի, մանավանդ թվային տեխնոլոգիաների և նորոգայուն մեթոդների սրընթաց զարգացումների համատեքստում։ Այսօր չափազանց դժվար է կառավարել ցանկացած մշակութային կայք․չափազանց բարդ է միաժամանակ ապահովել որակյալ, գումարած հետաքրիր, գումարած այցելուներ բերող ու ակադեմիական (ոլորտային) հրապարակումներով։
    Այս առումով, շատ բան կա սովորելու, ապա նաև կիրառելու։
    Շնորհակալություն։

  • Սուրեն Բարսեղյան

    Ուզում եմ գրանցվել չի ստացվում, երևի խնդիր կա?

  • Բոլոր մոդուլներն էլ հետաքրքիր են: Ժամանակի մարտահրավերները մեզ անդադար ստիպում են նորովի մտածել, տիրապետել նոր գործիքակազմերին

Leave a Reply