- November 9, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում հայտարարված է Մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն յոթերորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
«Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, և կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում, ըստ էության, ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը: Բոլորովին պատահական չէ, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիակարողունակությունը և մեդիագրագիտությունը սահմանվում են որպես առանցքային կոմպետենցիա երեխաների համար։ Այս պահանջը ամրագրված է նաև նախադպրոցական կրթության համակարգում: Մեդիագրագիտության թեման ներառված է կրթական ծրագրերում, տարբեր նախագծերում ու նախաձեռնություններում, որոնց մեծ մասը նաև համատեղ են»,- մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել որակյալ գործընկերության համար:
«Թվային դարաշրջանի օգուտների հետ մեկտեղ, ամեն օր բախվում ենք նաև տեղեկատվական մանիպուլյացիայի հեղեղի: Մանիպուլյացիան ճանաչելու և դրա վնասակարությունը հասկանալու կարողությունը դարձել է կարևոր հմտություն, որն անհրաժեշտ է բոլորիս՝ բարդ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու և տեղեկացված քաղաքացիական մասնակցություն ապահովելու համար: Այս պատճառով ես առանձնահատուկ հպարտություն եմ զգում Հայաստանում մեդիա և տեղեկատվական գրագիտությունը զարգացնելու / տարածելու գործում ԱՄՆ ՄԶԳ-ի զգալի ներդրման համար: Որպես վառ օրինակ՝ միայն վերջին 16 ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրից օգտվել է շուրջ 3,000 քաղաքացի՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության միջոցառումների և գործողությունների միջոցով», – մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
«Եվրոպական միությունը շատ հավատարիմ է աջակցելու Հայաստանում մեդիագրագիտության զարգացմանը: Մեր գործն այստեղ՝ Հայաստանում, ԵՄ-ի՝ աշխարհում թափանցիկությունը և մեդիագրագիտությունը խթանելու առավել լայնամասշաբ հանձնառության մի մասն է։: Մեդիագրագիտությունը զարգացնելու Հայաստանի ջանքերը համահունչ են ներգրավված և տեղեկացված հասարակություն ունենալու ԵՄ տեսլականին», – իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության համագործակցության ղեկավար Մ. Ֆրենկ Հեսը։
«Երբեք շուտ և երբեք ուշ չէ մարդկանց հնարավորություն տալ արհեստական բանականությանը և մեդիային անլուրջ մոտենալու փոխարեն լինել քննադատ ու ստեղծագործ: Մենք պետք է պարզենք մեզ համար, թե ի վերջո որն է նոր տեխնոլոգիաների դերը մեր կյանքում», – ասաց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը։
Օրեցօր զարգացող արհեստական բանականության դարաշրջանում մեդիագրագիտությունն օգնում խուսափել խայծերից, չտրվել քարոզչությանը և հետևել մեդիա հիգիենային։ Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա խորագիրն է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում»։ Շաբաթը միջազգային շարժում է, որն անցկացվում է ամեն տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Նոյեմբերի 4-10-ը կանցկացվեն պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ֆորում, նոր գրքերի և ուղեցույցների շնորհանդեսներ, հանդիպումներ և դասընթացներ Երևանի ու մարզերի գրադարաններում, համալսարաններում ու դպրոցներում, երիտասարդական կենտրոններում։
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթն անցկացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի աջակցությամբ։
Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում տարածվում են #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2024 հեշթեգերի ուղեկցությամբ։
Մեդիագրագիտության տարածումը և դասավանդումը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կարևոր ուղղություններից մեկն է։ Մեդիակրթությունը մշտապես եղել է կազմակերպության 29 տարիների գործունեության մասը։ Մենք օգնել ենք երեխաներին ու երիտասարդներին ավելի լավ հասկանալ մեդիան՝ ստեղծելով հաղորդումներ և ֆիլմեր։ 2011 թվականից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսեց համակարգված գործընթաց՝ դպրոցների համար մեդիագրագիտության դասընթաց, ձեռնարկ, ուսումնական նյութեր ստեղծելու, ուսուցիչներին վերապատրաստելու, հանրակրթության մեջ մեդիագրագիտությունը ինտեգրելու ուղղությամբ՝ համագործակցելով կրթական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։
2017-ին արժանացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքի գլխավոր մրցանակին՝ Հայաստանում և տարածաշրջանում մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար։
ՄՆԿ մեդիագրագիտության ռեսուրսները՝ խաղերը, ձեռնարկները, դասերը, հասանելի են media.am կայքում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու գործում։ Եռամյա ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Մեդիագրագիտության շաբաթը հնարավոր է դարձել Ամերիկայի Ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։