«Թվապատում 2025» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2025» լրագրողական մրցույթը: «Թվապատումը» արդեն տասը տարեկան է։ Տասը տարի անընդմեջ անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել և մրցանակ ստացել տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 102 լրագրողներ՝ իրենց ստեղծած որակյալ բովանդակության, մարդակենտրոն պատմությունների, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառման, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանման և արժևորման համար։

«Թվապատումը» նպաստում է հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը՝ երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների մասին, հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների, այդ թվում՝  մարդու իրավունքների, մարդասիրական, տնտեսական, սոցիալական և այլ խնդիրների վերաբերյալ՝ խրախուսելով որակյալ, հավաստի լրատվությունը ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը՝ հետաքննական, բացատրական և տվյալների լրագրությունը։

«Թվապատում 2025» մրցույթի անվանակարգերն են`

Homo Agendi (Գործող անձ)

Այս ավանդական անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։ Թեմատիկ սահմանափակում չկա։

Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը՝ 250,000-ական դրամով:

Դիտակ

Այս անվանակարգում ընդունվում են հետաքննական, փաստերի ստուգման օրինակներ, որոնք ճշգրտում, վերլուծում և բացահայտում են քողարկված, անորոշ, մոլորեցնող տեղեկատվություն, այդ թվում ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։ Աշխատանքները գնահատելիս` հաշվի կառնվեն տվյալների լրագրության հմտությունները, փաստերի ստուգման մասնագիտական վարպետությունը և արդի մեդիա գործիքների կիրառումը:

Մրցանակը՝ 200,000 դրամ:

Տուն և տեղ

Անվանակարգի նյութերը պետք է լինեն քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով։ Վերլուծական հրապարակումները բացատրական և լուծումների լրագրության ժանրերով պետք է ներկայացնեն քաղաքների, գյուղական բնակավայրերի խնդիրներն ու հեռանկարները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։

Մրցանակը՝ 200,000 դրամ։

Ականջօղ

Անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների մասին հրապարակումներ, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության, հասարակությունում առկա մարտահրավերների, որոշակի դեպքերի մասին նյութեր։

Մրցանակը՝ 200,000 դրամ

Հիմնական անվանակարգերից բացի նաատեսված են հատուկ մրցանակներ

Արտակարգ գրություն

Հայաստանում և Հայաստանին առնչվող ճգնաժամերի, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանք։ Նյութերը կարող են առնչվել սահմանամերձ բնակչության, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, անվտանգության և կենսական այլ հարցերի, հակամարտության հետևանքով փոխված մարդկային ճակատագրերին և այլն։

Մրցանակը՝ 200,000 դրամ:

Լուսաբանելով գիտությունը 

Գիտության թեմայով կամ գիտական լրագրության լավագույն աշխատանք։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։

Մրցանակը՝ 150,000 դրամ։

Ընտրող հանձնաժողովի  հայեցողությամբ կարող են շնորհվել նաև այլ հատուկ և/կամ խրախուսական մրցանակներ։

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2024 թ-ի սեպտեմբերի 11-ից մինչև 2025 թ-ի հոկտեմբերի 30-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2025 թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ-ի դեկտեմբերին:

Ուշադրություն. «Թվապատում» մրցույթին չեն կարող ներկայացվել այն լրագրողական աշխատանքները, որոնք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կամ ՄՆԿ-ի մասնակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում տրամադրված դրամաշնորհների միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Արշալույս Մուրադյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 055 56 32 36 հեռախոսահամարներով:

Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620, 093 26 04 77 հեռախոսահամարներով։


«Թվապատում 2025» լրագրողական մրցույթը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«Թվապատում 2025» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» և «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգերին աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը: 

 



Leave a Reply