- November 21, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Երեք օր 9 մեդիա մենեջերների հետ աշխատեցինք լրատվամիջոցների բիզնես զարգացման հնարավորությունների ուղղությամբ՝ սեփական առաքելությունը ուրվագծելուց մինչև լսարանի հետ ավելի խորքային ու արդյունավետ աշխատանքի մեխանիզմների ուսումնասիրություն։ Նախ գովազդային, մարքեթինգային ու հանրային կապերի ընկերությունների ղեկավարների հետ քննարկեցինք Հայաստանի մեդիա շուկայի ընթացիկ միտումներն ու մարտահրավերները։
Ապա հաջորդ 2 օրերի ընթացքում միջազգային փորձագետի հետ փորձեցինք հասկանալ, թե հանրային նշանակության լրատվամիջոցները ինչպես կարող են զարգացնել իրենց բիզնես կարողություններն ու ավելի բազազան դարձնել իրենց եկամտի աղբյուրները։ Կատյա Գորչինսկայան մենեջերներին ներկայացրեց միջազգային լավագույն փորձը, օգնեց վերլուծել իրենց լրատվամիջոցների առաքելությունը, նպատակներն ու խնդիրները, ձևակերպել սեփական մրցակցային առավելությունները և հասկանալ հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող են աշխատել հետագայում։ Սիվիլնեթը, Մեդիամաքսը,
Ֆակտոր Թվ-ն, Հետքը, Ինֆոքոմը, Ա1+ը, Գորիս Լաբը, Մեդիալաբը և Ամփոփ մեդիան մասնակցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դրամաշնորհային ծրագրին, որ ուղղված է որակյալ բովանդակության ստեղծմանը և մեդիաների բիզնես զարգացմանը՝ նրանց ֆինանսական կայունությունը ամրացնելու նպատակով։ Դասընթացից հետո նրանք փորձելու են ՄՆԿ օգնությամբ մշակել իրենց կազմակերպությունների զարգացման բիզնես պլանները։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և համաֆինանսավորում է Եվրոպական միության կողմից։






