- January 30, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
Հունվարի 20-ին մեկնարկեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը։ Այս անգամ «Լրատուն»-ը վերջին 30 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում հայկական մեդիայի աշխատանքի մասին է։
«Հակամարտության լրագրության դրվագները» ներկայացնում է օրինակներ 90-ականների տպագիր մամուլից, սեփական արխիվային տեսանյութերից, հակամարտության մասին Հանրային ռադիոյում պահպանված հազվագյուտ հաղորդումներից, լուսանկարներից ու հոդվածներից, վերլուծություններից և վավերագրական ֆիլմերից։
«Երբ մենք պատրաստվում էինք այս ցուցադրությանը այլ ժամանակ էր, այլ կոնտեքստ էր, այլ տրամադրություն էր, այլ նպատակներ։ Եվ նույնիսկ մտածում էինք՝ մեր հասարակությունն առանձնապես չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը կարևոր է, թեև այն իսկապես ամենակարևորներներից մեկն է մեզ համար։ Եվ հանկարծ գալիս, հասնում ենք մի իրավիճակի, երբ այս ամենը դառնում է շատ և շատ կարևոր», – ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։
«Լրատուն» նախագիծը մուլտիմեդիա ցուցահանդեսների շարք է, որը ներկայացնում է ՀՀ նորագույն պատմությունը լրատվամիջոցների լուսաբանման միջոցով, բացահայտում է հրապարակումների ստեղծման մանրամասները, վերլուծում և բացատրում է լրատվամիջոցների աշխատանքը։ Պատերազմը, արտակարգ իրավիճակները, կոռուպցիան և ապատեղեկատվությունը, մարդու իրավունքները, մեդիայի կիզակետում հայտնված և հասարակությանը հուզող բազմաթիվ թեմաներ կարող են առիթ դառնալ «Լրատան» հերթական ցուցահանդեսի համար։ «Լրատան» ցուցահանդեսները տարբեր տարիների ներկայացվել են Երևանում, Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։
«Հակամարտության լրագրության դրվագներ ցուցադրությունը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: