Երիտասարդները բացահայտում են օնլայն վիդեոյի հնարավորությունները

«Այսօր Հայաստանում վլոգինգով զբաղվելու ամենահարմար պահն է: Եթե երկրի նոր ղեկավարությունը բացի նախկինում փակված դռները, և հնարավորություն ստեղծվի վիդեոարտադրության ոլորտում մարքեթինգի, գովազդի միջոցով գումար աշխատելու, ապա ոլորտում արդեն փորձ ունեցողները կարող են մեծ հաջողությունների հասնել»,-ասում է ամերիկացի յութուբեր, ինտերնետային մարքեթինգի ու օնլայն վիդեոյի առաջխաղացման մասնագետ Նիք Նիմինը:

Նիքը Հայաստան է եկել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով՝ աշխատելու ինտերնետային վիդեոարտադրության ոլորտում արդեն իսկ փորձ ունեցող և առաջին քայլերն անող երիտասարդների հետ: «Ես եմ մեդիան» վլոգինգի դպրոցի մասնակիցներին ևս երկու կարևոր ուղերձ ունի.

«Մարդիկ վլոգինգով սկսում են զբաղվել հիմնականում, որովհետև դա նրանց հաճույք է պատճառում: Ուզում եմ այս երիտասարդներին ցույց տալ ինտերնետային վիդեոյի մեծ հնարավորություններն ու մարդկանց վրա ազդեցություն ունենալու կարևորությունը: Սկսնակները հաճախ կառչում են թվերից, երազում 500,000 դիտում ունենալու մասին: Պետք է գնահատել յուրաքանչյուր դիտողի՝ հատ առ հատ. 500 կամ 1000 դիտումների հետևում իրական մարդիկ են կանգնած»:

Նիք Նիմինի Յութուբի ալիքը 200,000-ից ավելի բաժանորդ ունի, իսկ նրա հրապարակած վիդեոները մոտ 8 միլիոն դիտում ունեն: Երիտասարդ վլոգերներին այս թվերն, ամեն դեպքում, ոգևորում են:

Յութուբում «Բացահայտում» ալիքի հեղինակ Ռուբեն Եսայանը 200,000 բաժանորդ ունեցող յություբերի առաջին անգամ է հանդիպում.

«Իմ ալիքը 31,000 բաժանորդ ունի, որը Հայաստանի լսարանի համար վատ ցուցանիշ չէ: Բայց դրանով գումար վաստակել չես կարող: Հիմա ավելի լուրջ եմ վերաբերվում վլոգինգին ու հույս ունեմ, որ մի օր դիտումներս գումար կբերեն»:

Ռուբենի ոգևորությունը մի քանի պատճառ ունի. մայիսի 19-25-ը Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ մեդիան» վլոգինգի դպրոցի բացման ժամանակ կազմակերպիչները ծրագրի 16 հիմնական մասնակիցներին հանձնեցին նրանց «երազանքի» սարքավորումները՝ տեսախցիկ, եռոտանի, միկրոֆոններ, լույսեր, նոթբուք: Իսկ հունիսին մասնակիցներից մի քանիսը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու VidCon օնլայն վիդեոյի ամենամյա կոնֆերանսին:

News.am կայքի Shine&Food խոհանոցային վլոգի հեղինակ Շողիկ Հովհաննիսյանը ակնկալում է, որ դպրոցի ավարտին նոր վլոգի ձևավորված գաղափար կունենա:

«Նախկինում վիդեոների գաղափարի և սցենարի վրա էի աշխատում: Հիմա սկսել եմ ուսումնասիրել նաև նկարահանման ու մոնտաժի հմտությունները: Հիմնական զբաղմունքս թարգմանությունն է. երեկոյան կաշխատեմ, առավոտյան կնկարահանեմ, ցերեկը կմոնտաժեմ»:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը առաջին անգամ չէ, որ աշխատում է պատանիների հետ՝ նրանց ձայնը լսելի դարձնելով մեդիա հմտությունները զարգացնելու միջոցով։ Մեդիագրագիտությունը մեր ծրագրերի կարևոր բաղադրիչն է, ու այս ծրագիրն ու դպրոցը դրա տրամաբանական շարունակությունն են․ երիտասարդները բացահայտում են մեդիան, դրա ընձեռած հնարավորությունները, գիտակցում են դրա պատասխանատվությունը, փորձում են  մեդիա դաշտը դարձնել բազմազան ու հետաքրքիր, նրանք դառնում են մեդիա»,- ասում է ծրագրի պատասխանատու, ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոչ միայն ֆինանսավորում է այս ծրագիրը, այլև հեղինակել է գաղափարն ու նախաձեռնել դրա իրականացումը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ:

«Հիմնական ազդակները մեր լսարանից են գալիս: Հայաստանում երիտասարդներն ու պատանիներն ակտիվ ներգրավված են սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, այդ թվում նաև Յութուբում՝ որտեղ հիմնականում հանդես են գալիս սպառողի դիրքերից: Յություբում դիտում  են ռուսական, ամերիկյան, բրիտանական և այլ բովանդակություն, որը կարող է հետաքրքիր լինել, բայց միանշանակ այլ մշակույթ է ներկայացնում: Հաշվի առնելով երիտասարդների ստեղծագործական ներուժը և հայալեզու վիդեո բովանդակություն տեսնելու մեր ցանկությունը՝ որոշեցինք տալ այս հնարավորությունը»,-ասում է ԱՄՆ դեսպանատան սոցիալական մեդիայի համակարգող Աննա Մկրտչյանը:

Ծրագիրն արտացոլում է նաև «Ամերիկայի ժողովրդից հայ ժողովրդին» մոտեցումը՝ Հայաստանում հայ երիտասարդին տալ այն հնարավորությունը, որն ունի ամերիկացի երիտասարդը Միացյալ Նահանգներում:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում օնլայն վիդեոյի նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծ է, քան իրենք ենթադրում էին ծրագիրը սկսելուց առաջ․ «Այս երիտասարդների հետ աշխատելով համոզվեցինք, որ Հայաստանում կա վիդեոբլոգինգ ու կա մեծ հետաքրքրություն։ Նրանց պակասում էր փոքր քիչ աջակցություն ու ուշադրություն։ Հիմա՝ դասընթացից հետո, նոր հմտություններով, հայտնի յութուբերի խորհուրդներով ու նոր սարքավորով նրանք կկարողանան ավելի որակյալ ու հետաքրքիր բովանդակություն ստեղծել, և դաշտը ավելի կաշխուժանա»։