- October 24, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Meduza-ն հետխորհրդային տարածաշրջանի ամենավառ լրատվամիջոցներից է, տվյալների հետ և սոցցանցերում աշխատելու լավագույն օրինակներից: Աշխարհում գործիքները շատ չեն, դրանց կիրառման փորձն է կարևոր, և այդ տեսանկյունից շատ նոր բան սովորեցի»,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ լսարանի ուսումնասիրության թեմայով դասընթացի ավարտին:
Հոկտեմբերի 15-17-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Հայաստանում էին Meduza-ի վերլուծաբան-մարքեթոլոգներ Կատյա Լետովան և Դմիտրի Ավերենկովը։ Հայաստանցի գործընկերներին ներկայացնում էին ընթերցողներ ներգրավելու հարցում նորարական մոտեցումներով հայտնի իրենց հարթակի փորձը:
«Ամեն լրատվամիջոց չէ, որ կարող է լսարանի վարքագիծն ուսումնասիրող մեծ թիմ ունենալ: Խմբագրությունները դանդաղ են սովորում իրենց բովանդակությունը կառուցել նաև տվյալների վերլուծության հիման վրա, փոխարենը փորձում են ինտուիցիայով հասկանալ՝ ով է իրենց լսարանը: Դասընթացի գլխավոր առաջադրանքը հենց սեփական մեդիան և սեփական ընթերցողին հասկանալն էր»,- ասում է Կատյա Լետովան, որը Meduza-ում հենց տվյալների վերլուծությամբ է զբաղվում:
«Հետք»-ի խմբագիր Քրիստինե Բարսեղյանի համար Google Analytics գործիքը նորություն չէր, խմբագրությունում կիրառել են, բայց դասընթացի արդյունքում հասկացավ՝ եթե ուզում ես լսարանի ներգրավմամբ լրջորեն զբաղվել, ապա պետք է թիմում մասնագետների ներգրավել. «Ցանկացած մեդիա իր հիմնական լսարանին ճանաչելու և նրան չկորցնելու խնդիր ունի: Այստեղ պարզեցի, որ իմ լսարանը բավականին մեծ է և ինձ համար առաջնահերթություն է նրա հետ աշխատելը»:
Google Analytics-ի ու այլ գործիքների միջոցով սեփական լսարանի ուսումնասիրությունը, այցելությունների աղբյուրների և տարբեր ֆորմատների վերլուծությունը, լսարանն ընդլայնելու հնարավորությունները, սոցիալական մեդիա մարքեթինգը, թվային բովանդակության մոնետիզացիան… Դասընթացի հիմնական թեմաները ներկայացվեցին և քննարկվեցին Meduza-ի և հայաստանյան կայքերի օրինակով:
Meduza-ից Դմիտրի Ավերենկովի տպավորությամբ՝ դիտարկված օրինակներում չկային վատ կայքեր, իսկ որոշները նույնիսկ հավանեց` հատկապես հաշվի առնելով Հայաստանի ոչ այնքան զարգացած շուկան. «Այս ամենն այնքան էլ բարդ ու սարսափելի չէ, ինչքան կարող է թվալ: Պետք է պարզապես հասկանալ՝ ինչ և որտեղ փնտրել: Այստեղ մեր փորձով կիսվեցինք, ներկայացրինք այն պարզ գործիքներն ու մեթոդները, որոնց կիրառմամբ արդեն եղածը կարելի է զարգացնել»:
«Մեդիամաքս»-ի լրագրող Մարի Թարյանն ասում է՝ ոչ միայն վերլուծաբանները, այլ նաև լրագրողները կարիք ունեն հասկանալու իրենց լսարանին. «Մենք հաճախ «լրագրողական հոտառությամբ» ենք առաջնորդվում: Դասընթացը հրաշալի բանալի էր հետագայում գիտելիքը խորացնելու, լսարանի արձագանքն ու պահանջները հաշվի առնելով` ավելի հասցեական ու հաջողված նյութեր պատրաստելու համար»:
Դասընթացն անցկացվեց «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում, որը Հայաստանում իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ։ Ծրագրի նպատակը լսարանի հետ մեդիայի աշխատանքն առավել արդյունավետ, թիրախային և փոխներգործուն դարձնելն է: Դասնթացի մասնակիցները հետագայում հնարավորություն կստանան փորձնական ծրագրեր իրականացնել և ստեղծել թիրախային բովանդակություն՝ հիմնված լսարանի առավել խորը և համակողմիանի ուսումնասիրության վրա։
[foogallery id=”7039″]