Անտառի եզրը ստացավ «Թվապատում 2018»-ի «Ես քվեարկում եմ» մրցանակը

Share

«Թվապատում 2018» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողը Hetq.am-ի լրագրող Քրիստինե Աղալարյանն է՝ «Անտառի եզրը» նախագծի համար: Այս մասին մրցույթի կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարեց մարտի 11-ին անցկացրած միջոցառման ժամանակ: Հաղթողն արժանացավ անվանակարգում սահմանված 100 000 դրամին և Թվապատման խորհրդանիշ-պարգևին:

Քրիստինեն պատմեց, որ նյութը մշակվել է միջազգային հաքաթոնի շրջանակում՝ ռուս գործընկերների օգնությամբ. «Պատմությունը վիզուալ ավելի հետաքրքիր ներկայացնելու համար ինձ որոշ գործիքներ էին անհրաժեշտ, որոնց հնարավորությունը տվեց Readymag-ը: Մեկ-երկու տարի առաջ այս հարթակը դեռ շատ չէր օգտագործվում հայաստանյան լրատվամիջոցներում: Ուրախ եմ, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դասընթացների միջոցով այս գործիքը բերեց ու մատուցեց ոլորտի հետաքրքրասերներին»:

«Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողին որոշել են հենց մրցույթին մասնակցած լրագրողները՝ ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 պատմություններից:

Թվապատման այս մրցանակը հանձնում ենք վերջին անգամ, հայտարարում ենք «Թվապատում 2019» լրագրողական մրցույթի մեկնարկը, որտեղ ունենք երկու նոր անվանակարգ` «Ստուգված է. տեղեկությունների ստուգում» և հատուկ մրցանակ՝ մարդասիրական թեմաներով:

Մինչև հուլիսի 31-ը կսպասենք փոփոխությունների մասին պատմությունների, որոնք պետք է հրապարակված լինեն հայաստանյան լրատվամիջոցներում 2018 թ հուլիսի 30-ից 2019թ. հուլիսի 30-ը:

Մրցույթի անվանակարգերին, մասնակցության պայմաններին, հայտաթերթին և այլն մանրամասների կարող եք ծանոթանալ Թվապատման կայքում: