«Ես եմ մեդիան». ուսանողները՝ կեղծ տեղեկատվության մասին

«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի այս տարվա արդյունքներն ամփոփված են: Երրորդ տարին անընդմեջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ էսսեների միջոցով խոսել մեդիայի դերի ու խնդիրների մասին:

Այս անգամ մրցույթը երկու նոր շեշտադրում և խորագիր ուներ՝ «Ստուգված է. տեղեկատվության ստուգման իմ բանաձևը» և «Սոցցանցերի տեղեկատվական սարդոստայնում»:

«Ակտիվ լրագրությամբ չեմ զբաղվում, բայց ոլորտում նկատում եմ թերացումներ, հիմնականում կապված մարդկանց մեդիա (չ)գրագիտության հետ: Իմ էսսեում օրինակներով անդրադարձել եմ խնդրին, իմ փորձով առանձնացրել անվստահելի կայքեր, խորհուրդ տվել մտերիմներիս չվստահել շատ աղբյուրների և հրապարակումը տարածելուց առաջ մտածել»,- ասում է առաջին մրցանակի արժանացած ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վիկտորյա Մարկոսյանը:

Երկրորդ մրցանակակիր Արփի Ջանյանը սովորում է Հայաստանի Ամերիկյան hամալսարանի Գործարար կառավարման ֆակուլտետում: Նա հոդվածներ է գրում համալսարանի թերթի համար, անդրադառնում է նաև մեդիայի խնդիրներին. «Շատ հաճախ ենք հանդիպում կեղծ տեղեկությունների, հատկապես անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ շրջանում հասկացա մեդիագրագիտության կարևորությունը»:

Այս տարի Երևանի և մարզերի 10 բուհերից «Ես եմ մեդիան» մրցույթին ուղարկվել է 22 հայտ ՝ որոնցից միայն 6-ն են լրագրության ֆակուլտետներից:

«Այս ցուցանիշը մեզ ուրախացնում է, նշանակում է ՝ միայն լրագրողները չէ, որ մտածում են մեդիայի լավ ու վատ կողմերի, դրա ազդեցության մասին: Մեր նախաձեռնության նպատակն էլ հենց դա է՝ խրախուսել մեդիա սպառողներին ավելի ակտիվ լինել, ավելի ուշադիր լինել և ավելի մեծ մասնակցություն ունենալ դաշտի զարգացումներին»,- ասում է ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

3 մրցանակակիրներից բացի, 2 էսսեի հեղինակները խրախուսանքի արժանացան: Ստորև մրցանակակիրների ամբողջական ցանկն է.

1-ին մրցանակ` Վիկտորյա Մարկոսյան (ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
2-րդ մրցանակ՝ Արփի Ջանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ),
3-րդ մրցանակ՝ Լուիզա Վարդանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ),
խրախուսական մրցանակներ՝ Արփինե Առաքելյան (ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ), Տաթևիկ Առուստամյան (ՀՊՏՀ, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ):

Հաղթողների անունները հայտարարվեցին հուլիսի 12-ին անցկացված մրցանակաբաշխության ընթացքում: Նրանք ստացան նվեր քարտեր՝ գրքեր և ուսուցողական փաթեթներ ձեռք բերելու հնարավորությամբ, իսկ լավագույն նյութի հեղինակն արժանացավ ուսման վարձի փոխհատուցման` հարյուր հազար դրամի չափով: Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, որտեղ հասանելի են նաև նախորդ երկու մրցույթների լավագույն էսսեները: