Հուշագիր՝ մեդիագրագիտության տարածման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ

Share

Կրթության և գիտության նախարարությունն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ապրիլի 19-ին հուշագիր ստորագրեցին՝ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության տարածման ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ այս քայլով կողմերը պաշտոնականացրին արդեն տարիներ շարունակ եղած համագործակցությունը:

Դեռ 2013 թվականին ԿԳՆ–ը երաշխավորել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (այն ժամանակ՝ «Ինտերնյուս» ՀԿ) պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը, որն օգնում է ուսուցչին հասկանալ, ապա նաև՝ աշակերտներին փոխանցել, թե ինչ է մեդիան, ինչպես է աշխատում, ինչպես կողմնորոշվել տեղեկատվական ժամանակակից հոսքերում ու քննադատաբար սպառել ցանկացած մեդիա արտադրանք:

Մոտ 300 ուսուցիչներ և գրադարանավարներ արդեն անցել են մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներ, ստացել են ձեռնարկներ, և նրանցից շատերը կիրառում են դրանք դպրոցում:

Սակայն Մեդիագրագիտությունը դպրոցական առարկա չէ և, հաշվի առնելով դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածությունը, լավագույն դեպքում կարող է ընտրովի դասընթաց դառնալ ավագ դպրոցներում:

Հուշագրով նախատեսվում է այն ներառել եղած առարկաների, մասնավորապես՝ հասարակագիտության մեջ (9-րդ դասարանի «Հասարակագիտություն» (Հարությունյան, Գյուլբուդաղյան) դասագրքում արդեն ձեռնարկից թեմաներ ու նյութեր են օգտագործվել), ինչպես նաև դարձնել ուսուցիչների և տնօրենների պարտադիր վերապատրաստումների բաղադրիչ:

Մեդիան հասկանալու հմտությունները ՄՆԿ-ն տարածում է ամենատարբեր ձևաչափերով՝ տեսահոլովակներխաղերինտերակտիվ թանգարան, ուսանողական մրցույթամառային դպրոցներ ու կարճ դասընթացներ: Ծրագիրը դասավանդվում է մարզերում գործող 8 Ինֆոտներում (ՄՆԿ գործընկերները մարզերում) ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Լոռու և Տավուշի մարզի 7 սմարթ և ապահով սենյակներում:

Մեր նպատակն է գրագիտության այս տեսակը հանրակրթության մաս դարձնելը. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը դպրոցում խրախուսող կրթական համակարգում պակասում է այդ տեխնոլոգիաներով փոխանցվող բովանդակությունը վերլուծելու և գնահատելու հմտությունը:

Դասավանդողների պակասը լրացնելու առումով կարևոր է նաև լրագրողների մասնակցությունը: Մասնագետների խնդրին երկարաժամկետ լուծում տալու համար ՄՆԿ-ն համագործակցում է հայաստանյան բուհերի հետ՝ փորձելով մանկավարժական կրթության մեջ ինտեգրել մեդիագրագիտությունը:

Առայժմ մեդիագրագիտության մեթոդաբանություն դասավանդվում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, այն Թատրոնի և կինոյի ինստիտուտի «Հաղորդակցական հմտություններ» առարկայի մաս է, դասավանդվել է Բրյուսովի անվան համալսարանի մանկավարժության ամբիոնում:

Ծրագիրն իրականացնելու նախորդ 5 տարիների ընթացքում ՄՆԿ թիմը հրավիրել է դպրոցներին ու բուհերին, նաև գրադարաններին, թանգարաններին, լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին՝ միանալու Հայաստանում մեդիագրագիտության տարածման գործին:

Ապրիլի 19-ի հուշագրի ստորագրումը կարևոր քայլ էր գործընթացն ավելի համակարգված ու գուցե ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ, որպեսզի դպրոցն ավարտելիս աշակերտը մի քիչ ավելի գրագետ մեդիա սպառող լինի, կամ այլ կերպ ասած՝ ցանկացած մեդիա արտադրանք ընթերցելիս, դիտելիս ու լսելիս իմանա ինչպես ստուգել դրա «ժամկետն» ու «բաղադրությունը»: