ՏԻՄԱՏԻԿԱ. նոր առարկա հեռուստաեթերում

2016 թվականի հունիսի 9-ին եթեր հեռարձակվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հեղինակած «Տիմատիկա» հեռուստատեսային ծրագրի առաջին թողարկումը: Նախագիծը 12 թողարկումներով անդրադառնում է Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին:

«Տիմատիկան» հատուկ բացատրական ծրագիր է, որ լուսաբանում է ՏԻՄ ոլորտը՝ կառավարումը, բնակչության ներգրավվածությունը, համայնքի կառուցվածքը, հիմնախնդիրներն ու ոլորտի փոփոխությունները, հատկապես՝ համայնքների խոշորացման ծրագիրը: Համայնքների խոշորացումը ՀՀ կառավարության հայեցակարգն է, ըստ որի փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքները միավորվում են՝ միասին լուծելու տեղական ինքնակառավարան խնդիրները. բարեկարգում, կրթություն, լուսավորություն, համայնքային ներդրումներ:

Յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և կազմվում է Հայաստանի ՏԻՄ-երի աշխատանքը լուսաբանող փորձառու լրագրողների պատմությունների եւ ուսումնասիրությունների հիման վրա: Այն տեղեկատական, հանրամատչելի եւ ժամանացային հեռուստատեսային ամսագիր է և միավորում է բացատրական լրագրությունը, ակնարկները, ուղիղ միացումներն ու հարցազրույցը:

Այս նոր ֆորմատը կարողացավ վերոնշյալ բաղադրիչներով լուսաբանել նաև տեղական ինքնակառավարման մարմիներրի նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանը: Հայկական հեռուստաեթերում այն թեմային հետևողականորեն անդրադարձող միակ արտադրանքն է: Հաղորդումը պատրաստվեց «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ համատեղ, հետագայում այն ամբողջական փաթեթով տրամադրվեց հեռուստատեսությանը, որն էլ շարունակեց այն՝ պատրաստելով ևս 20 թողարկում:

Ընդհանուր առմամբ «Տիմատիկայի» 12 թողարկումների պատրաստմանը մասնակցեցին 11 լրագրողներ Երևանից և մարզերից, 17 փորձագետներ, իսկ հաղորդումը վերահեռարձակեց 5 մարզային հեռուստաընկերություն:

Դեկտեմբերի 16-ին կայացավ Օքսֆամի և ՕքսԵՋեն հիմնադրամի «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» ծրագրի լրագրողական մրցույթը, որտեղ Հեռուստատեսային նյութ անվանակարգում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց «Տիմատիկայի» պատմությունը Արուսյակ Այվազյանի մասին, ով Գառնիում պայքարելով բնապահպանական խնդիրների լուծման համար իր թեկնածությունն էր առաջադրել ՏԻՄ ընտրություններում: