Մարտունուց Երևան՝ կոռուպցիայի լուսաբանման պատմության հետքերով

Էրիկն ու Հայկը Մարտունուց են, մորաքրոջ տղաներ են, սովորում են նույն դպրոցում: Երևան էին եկել Մարտունի ինֆոտան մյուս կամավորների ու շահառուների հետ ՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսում բացահայտելու Հայաստանում կոռուպցիայի լուսաբանման պատմությունը:

Տեղը տեղին նախապատրաստվել էին. մինչև Երևան գալն արդեն իսկ շատ բան էին կարդացել ու մտապահել: Կոռուպցիայի մասին գիտելիքը ցուցահանդեսում հարստացրին մուլտիմեդիա ձևաչափերով ներկայացված բովանդակության օգնությամբ՝ լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցներ, երգիծապաստառներ, հեռուստահաղորդումներ ու ֆիլմեր, հոդվածներ:

Այցի սկզբում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը զգուշացրել էր, որ սա սովորական ցուցահանդես չէ: Հայկն ասում է` այդպես էլ կար.

«Ցուցահանդեսներում եթե մոնիտորներ են լինում, մեզ ասում են՝ մի կպեք, մի փչացրեք, մի ավերեք: Այստեղ մեզ ազատություն տվեցին՝ փորփրեք ինչքան ուզում եք: Փորփրելով այնքան հետաքրքիր նյութ գտանք: Մեծանանք, մենք էլ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քայլեր կձեռնարկենք»:

Ձախից աջ՝ Էրիկը, Հայկը, Լիանան

Դպրոցականների խմբին ցուցահանդես բերելու միտքը Մարտունի ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանինն է: Ասում է, որ այսպիսի ոչ ֆորմալ միջոցառումներով փորձում են աշխուժություն մտցնել մարտունեցի պատանիների կյանքում:

«Որոշեցինք այստեղ բերել ակտիվ դպրոցականներին, որոնք դեռևս անմիջապես չեն առնչվել կոռուպցիայի հետ: Ցուցահանդեսը կարող էր ազդեցություն ունենալ նրանց պատկերացումների ու գաղափարների վրա: Կարծում եմ՝ նրանք կարող են պայքարողներ դառնալ»,- ասում է Լիանան:

Էլեկտրաէներգիայի ոլորտն Էրիկի հետաքրքրությունների շրջանակում է: Արդեն որոշել է՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում է մասնագիտանալու: Հպէկրաններում գտել էր եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի և գազի գինը, համեմատել ու եզրակացրել.

«Հայաստանում ունենք ատոմակայան, ջերմային ու ջրային էլեկտրակայաններ, հողմաէլեկտրակայան: Բայց մենք լույսի համար ավելի շատ ենք վճարում, քան Վրաստանի բնակիչները, այն դեպքում, երբ Հայաստանը մեր լույսը Վրաստանին է վաճառում»:

Կոռուպցիայի թեման ուսումնասիրելուց հետո ժամանակ կար մի քիչ լիցքաթափվելու. խաղացին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ինտերակտիվ խաղերը, ապա ձևօրինակման սենյակում փորձեցին որպես լրագրող ֆուտբոլային հանդիպում մեկնաբանել:

«Լրատուն» մեդիա թանգարանն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

[foogallery id=”6455″]