Մեդիա գրագիտություն ուսուցիչների համար

Նաիրա Ավագյանը «Այբ» ավագ դպրոցում ռուսերեն է դասավանդում, իսկ վերջին մի քանի ամիսներին զբաղվում է նաեւ դպրոցի մեդիագրագիտության ծրագրերով: Սեպտեմբերի 10-ից 15-ը նա մասնակցեց Ինտերնյուսի վերապատրաստման դասընթացին` մեդիագրագիտություն առարկայից: Նրա հետ միասին դասընթացին մասնակցում էր Երեւանի դպրոցների 11 ուսուցիչ, որ ընտրվել էին մրցութային կարգով: Նրանք տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժներ էին, ում հետաքրքրում է մեդիագրագիտություն առարկան եւ ովքեր ցանկություն ունեն օգնել աշակերտներին` ավելի գրագետ մեդիասպառողներ դառնալ: Վերապատրաստման դասընթացների միջոցով փորձարկվեցին Ինտերնյուսի մշակած մեդիագրագիտության ուսումնական ծրագիրը, նախանշվեցին թերությունները, դրանք հետագայում շտկելու եւ կատարելագործելու համար:

«Մեր դպրոցի տնօրինությանը այնքան է ոգեւորել մեդիագրագիտություն առարկայի գաղափարը, որ 2013 թ.-ի սեպտեմբերից այն պատրաստվում ենք դարձնել կրեդիտային. այսինքն, աշակերտները կարող են ընտրել այս դասն ու կրեդիտներ ստանալ դրա համար»,-ասում է Նաիրան: «Այբ»-ը նախատեսում է անցկացնել մեդիագրագիտության դասեր ոչ միայն իր, այլեւ Հայաստանի այլ դպրոցների աշակերտների համար: Նաիրայի առաջարկով` լինելու է ամառային դպրոց, որտեղ աշակերտները սովորելու են ինքնուրույն նյութեր պատրաստել, հետո ամեն մեկն իր դպրոցում կիրառելու է այդ գիտելիքը, եւ պատրաստած նյութերը հայտնվելու են ինտերնետում:

Այսքանով չսահմանափակվելով` Նաիրան հաջողացրել է դրամաշնորհ ստանալ` դպրոցում մասնագիտական ստուդիաներ ու տեխնիկա ունենալու համար: «Մենք կօգտագործենք տեխնիկան ու հնարավորությունները վիդեո դասեր անցկացնելու համար. ուսուցիչների լավագույն դասերը կտեսագրվեն ու հասանելի կլինեն ինտերնետում բոլորի համար: Եւ սա էլի երեխաների ուժերով է արվելու»,- ասում է Նաիրան: «Եթե հեռուն նայենք, նման դասընթացների օգնությամբ մենք ընդհանուր առմամբ նպաստում ենք լրատվամիջոցների որակի բարձրացմանը: Եթե մենք կրթենք մի սերունդ, որը կպահանջի բարձրորակ լրատվություն, հաղորդումներ եւ գովազդ, ԶԼՄ-ներն ու արտադրական ստուդիաները ստիպված կլինեն բավարարել լսարանի պահանջը»,-վստահ է Նաիրան: