Տեղեկությունների ստուգում. դասավանդման նոր ուղեցույց, նոր դասընթացներ ու կրթական ռեսուրսներ

Share

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) վերջին տարիներին հատուկ կարևորություն է տալիս տեղեկությունների ստուգմանն ու փաստերի ճշգրտմանն ուղղված ծրագրերին: Մեդիայի այսօրվա լրջագույն մարտահրավերներից մեկը հավաստի տեղեկությունը կեղծից տարբերակելն է, ինչն ավելի է դժվարացել կայծակնային արագությամբ տարածվող տեղեկատվության, թվային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի ու քաղաքացիական լրագրության ժամանակաշրջանում:

2019 թ-ի մարտի 11-ին ՄՆԿ-ն ներկայացրեց այս թեմայով իր պատրաստած ձեռնարկը՝ «Տեղեկությունների ստուգում» բուհական դասընթացի մեթոդական ուղեցույցը: Որպես լրագրության հիմնական սկզբունքներից մեկը՝ տեղեկությունների ստուգումը մշտապես դասավանդվել է բուհերում, սակայն կարիք կար այն վերաիմաստավորելու, տեսական գիտելիքն ու փորձը համախմբելու, ավանդական մասնագիտական սկզբունքները ժամանակակից առցանց գործիքների հետ համադրելու և ուղեցույցի տեսքով մատուցելու: Ութ թեմատիկ դասերից կազմված ուղեցույցը մշակվել է բուհերի դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց կարիքները, հնարավորություններն ու խնդիրները. այն կօգնի դասավանդողներին թեման ավելի լավ պատկերացնել և փոխանցել ուսանողներին` նրանց հետ միասին կիրառելով տեղեկությունները ստուգելու մեթոդներն ու գործիքները:

Շնորհանդեսին հաջորդեց համառոտ դասընթաց տեղեկությունների ստուգման թեմայով հետաքրքրված դասախոսների համար։

«Տեղեկությունների ստուգում» ուղեցույցը երկրորդն է այս թեմայով ՄՆԿ-ի հրապարակած ձեռնարկների շարքում:  2017 թ-ին կազմակերպությունը լրագրողների համար պատրաստել էր «Ստուգված» տեղեկությունների ճշգրտման համառոտ ուղեցույցը: Գրքում ներկայացված են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները ստուգելու համար անհրաժեշտ քայլեր և գործիքներ։

Շնորհանդեսի մասնակիցները ստացան երկու ուղեցույցների իրենց տպագիր օրինակները, սակայն դրանք հասանելի են նաև առցանց՝ ՄՆԿ-ի media.am և mediainitiatives.am կայքերում:

Media.am կայքի «Ստուգված է» բաժինը վերջերս ձևավորեց հատուկ թիմ, որը զբաղվում է լրատվամիջոցներում և սոցցանցերում հայտնված կեղծ պատմությունների` լուրերի, պատկերների և տեսանյութերի հայտնաբերմամբ ու ստուգմամբ:

Խրախուսելով փաստերի ստուգմանն ուղղված լրագրողական ջանքերը հայաստանյան մեդիայում՝ այս տարի առաջին անգամ «Ստուգված է» խորագրի ներքո հայտեր կընդունի ՄՆԿ-ի «Թվապատում» ամենամյա լրագրողական մրցույթը: Բացի այդ, մրցույթում ավելացել է նաև հատուկ անվանակարգ՝ մարդասիրական թեմաներին անդրադարձող պատմությունների համար:

Զարգացող թվային միջավայրի օգտատերերի տարիքային սահմանափակումը խիստ պայմանական է, հետևաբար կարիք կա թացը չորից տարբերելու հմտությունը զարգացնել դեռևս վաղ տարիքից: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լիտերատուսի արկածները» համակարգչային խաղը դպրոցականների և պատանիների համար է: Այն օգտատերերին առաջարկում է օգնել Լիտերատուսին ստուգել ճանապարհին հանդիպած մոլորեցնող տեղեկությունները, պարզել իրականությունն ու փրկել առևանգված իշխանուհուն՝ Վերիտասին: Այսուհետ խաղը հասանելի է ոչ միայն համակարգչով, այլ նաև հեռախոսային հավելվածի տեսքով (The Adventures of Literatus):

Տեղեկությունների ստուգման թեման հատուկ տեղ է զբաղեցնում նաև ՄՆԿ-ի դասընթացներում լրագրողների, ուսուցիչների, աշակերտների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների համար:

ՄՆԿ-ում շաբաթը կշարունակվի փաստերի ստուգման և մեդիագրագիտության թեմայով հնգօրյա դասընթացով քաղհասարակության ներկայացուցիչների համար: Այն կօգնի մասնակիցներին ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքը, տարբերել հավաստի և կասկածելի լրատվությունը, բացահայտել մեդիայում հանդիպող՝ իրենց գործունեության ոլորտներին առնչվող փաստական սխալները, մոլորեցնող տեղեկություններն ու անհիմն հայտարարությունները, ինչպես նաև մասնակցել ոլորտային խնդիրների մեդիաօրակարգի ձևավորմանը։

Այս բոլոր նախաձեռնությունները ՄՆԿ-ն իրականացնում է իր գործընկերների օգնությամբ: Վերոնշյալ գաղափարների մեծ մասը հնարավոր են դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: «Տեղեկությունների ստուգում» ուղեցույցը հրատարակվել է Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ “Transitions” (TOL) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ապակոդավորելով կեղծ տեղեկատվությունը. պրոֆեսիոնալ և ուսանող լրագրողների կրթական ծրագրի» շրջանակում: