«Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 4-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, ինչը նպաստում է հասարակության իրազեկման բարձրացմանը մարդու իրավունքների և 3 կոնկրետ ոլորտային ռեֆորմների վերաբերյալ: «Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`
— հանրային սեկտորի թափանցիկություն ու հաշվետվողականություն, հակակոռուպցիոն քաղաքականություն և դրա կիրառումը,
— տեղական ինքնակառավարում, համայնքների խոշորացում, համայնքային խնդիրները, առօրյան,
— սոցիալական բարեփոխումների ընթացքը, խնդիրները, կառավարության ծրագրերը և դրանց իրականացումը,
— մարդու իրավունքների ոլորտը, իրավիճակը, ընկալումը, իրազեկվածությունը, խնդիրները, փոփոխությունները, ձեռքբերումները. դեպքեր, ճակատագրեր, փոքրամասնություններ, խոցելի խմբեր, կարծիքների բախում:

Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում: «Թվապատում 2018» մրցույթի անվանակարգերն են՝


Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով:

Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:


Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում

Նյութերը պատմում են վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի մասին:

Մրցանակը՝ 250 000 դրամ:


Դիտակ. հետաքննական լրագրություն

Նյութերը պատրաստված են լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակում են լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Մրցանակը՝ 250 000 դրամ:


Իմ իրավունքը 

Նյութերը պետք է անդրադառնան մարդու իրավունքներին: Խրախուսվում են առկա սուր խնդիրների բացահայտումը, իրավունքի մասին իրազեկող նյութերը, յուրահատուկ և անհայտ պատումները, մարդկային ճակատագրերի պատմությունները, իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ պայքարի օրինակները և այլն։

Մրցանակը՝ 250 000 դրամ:


Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Նյութերում օգտագործված են վիզուալացման տարբեր գործիքներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը և այլն:

Մրցանակը՝ 200 000 դրամ:


Ես քվեարկում եմ

Մրցանակաբաշխությունից հետո քվեարկության են ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 պատմությունները: Անվանակարգի հաղթողին որոշում են հենց մրցույթին մասնակցած լրագրողները:

Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:


Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական և բացահայտող։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, նորարար լուծումներն ու մոտեցումները։

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2017 թ․ հուլիսի 20-ից  2018թ. հուլիսի 15-ը  ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2017 թ. հուլիսի 15-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Մրցույթի մասին մանրամասներ, նաև՝ նախորդ տարիներիների մրցանակակիրների մասին տեղեկություն կարող եք գտնել Թվապատման կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել

Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ amanukyan@mediainitiatives.am, հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ skocharyan@mediainitiatives.am, հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)


«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: