«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդես

Յոթ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը կամ պարզապես «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»:

Փետրվարի 1-ին կմեկնարկի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երկրորդ` «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը: Այն սովորական ցուցահանդես չէ, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից:

Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen)

— լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների,

— երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի, հոդվածների միջոցով:

Թեմատիկ ցուցահանդեսից բացի թանգարանն այցելուին առաջարկում է

— ստուգել իր մեդիագրագիտությունը «Մեդիամարտ», «Ցանցառ», «Լիտերատուսի արկածները» խաղերի միջոցով

— լրագրողի դերում հանդես գալ ձևօրինակման սենյակում։

Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև փետրվարի 18-ը Սարգիս Մուրադյան պատկերասրահում՝ Իսահակյան 38 հասցեով, իսկ մարտ-ապրիլ ամիսներին կայցելի Գյումրի, Վանաձոր և Գորիս:

Միացեք նաև ցուցահանդեսի ֆեյսբուքյան էջին` հետևելու վերջին նորություններին ու թարմացումներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանին, հեռ.`010 583620 (ներքին՝ 116), էլ. հասցե` vmartirosyan@mediainitiatives.am։


«Լրատուն» մեդիա թանգարան նախագծի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է նոր ժամանակների հայաստանյան մեդիան լուսաբանում նշանակալի իրադարձություններն ու երևույթները։ Այն  հանրությանը ներկայանում է շրջիկ ցուցահանդեսների ձևով:

«Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ 2013 թ-ին: Սպիտակի երկրաշարժը լուսաբանող լրագրողների աշխատանքին նվիրված ցուցահանդեսը շրջեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում՝ գրավելով մոտ 3000 այցելուի ուշադրությունը: Այն նույնպես հասանելի է ներկա ցուցահանդեսի հպէկրաններում:


«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: