Լրադադար. Թավշյա պայմաններ մեդիայի համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մայիսի 17-ին ժամը 17:00-ին հրավիրում է «Լրադադար» ակումբ՝ մասնակցելու «Թավշյա պայմաններ մեդիայի համար» թեմայով քննարկմանը:

Հասարակական ընդվզումն ու լուրջ քաղաքական փոփոխությունները ստիպեցին լրատվամիջոցներին ընտրել, թե ինչպես աշխատել՝ արագ արձագանքելով, թե սպասողական դիրք զբաղեցնելով:

Շատ լրատվամիջոցների համար հեղափոխությունը փորձաշրջան էր ու հնարավորություն՝ փոխելու սեփական աշխատաոճը, քաղաքացիական դիրքորոշումն ու վերաբերմունքը մասնագիտության հանդեպ:

Քննարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես ազդեց հեղափոխությունը հպարտ ու պատասխանատու լրագրողական մասնագիտության վրա և ինչ փոփոխություններ են ակնկալում լրատվամիջոցները նոր կառավարությունից:

Քննարկումը տևելու է մեկուկես ժամ և նախատեսված չէ լուսաբանման համար: Մուտքն ազատ է մեդիա մենեջերների, խմբագիրների, լրագրողների, ուսանողների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձանց համար:
Սպասում ենք ձեզ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3ա, վերջին հարկ: Միջոցառմանը միացեք նաև Ֆեյսբուքում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել Գայանե Ասրյանին, հեռ՝ 010 58 36 20; 011 58 36 20, էլ. հասցե՝ [email protected]:


«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:


Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: