Հետաքննական լրագրության ամառային դպրոց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 7-16-ը կազմակերպում է  Հետաքննական լրագրության ամառային դպրոց, որին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի և օնլայն լրատվամիջոցների լրագրողներ։  

Դպրոցը կվարի ամերիկացի լրագրող, Բոստոնի WBUR.FM հանրային ռադիոկայանի ավագ թղթակից, բազմաթիվ լրագրողական մրցանակների դափնեկիր Բրյուս Գելերմանը: Դպրոցի աշխատանքներին ներգրավված կլինեն նաև տեղացի մասնագետներ՝ Հետք-ից և ՄՆԿ-ից։  

Մասնակիցները

— կուսումնասիրեն հետաքննություններ վարելու գործընթացը՝ սկսած թեմայի նախնական հետազոտությունից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների ստուգում, փաստերի համադրում, հրապարակման ձևաչափերի որոշում,
— կծանոթանան ժանրի առանձնահատկություններին, դժվարություններին,
— կքննարկեն լրագրողական էթիկային, անվտանգությանն առնչվող հարցեր,
— կվերլուծեն տարբեր թեմաներով և ձևաչափերով հետաքննությունների  օրինակներ,
— կաշխատեն կոնկրետ հետաքննությունների վրա և մինչև դասընթացի ավարտը կպատրաստեն դրանք հրապարակման:

Եթե ունեք հետաքննության արժանի թեմաներ, գաղափարներ և ցանկություն դրանք իրականացնելու, ապա այս հնարավորությունը ձեզ համար է:

ՄՆԿ-ի ամառային դպրոցում ընդգրկվելու են 12 լրագրող՝ Երևանից և մարզերից։

Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Նախապատվությունը տրվելու է այն դիմորդներին, ովքեր՝

— ներկայացրել են լրագրողական հետաքննությունների ուշագրավ գաղափարներ առաջարկված թեմաների շրջանակում,
— ունեն առնվազն 2 տարվա լրագրողական աշխատանքի փորձ:

Դպրոցի ավարտից հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ լրագրողական հետաքննություն կատարելու և հրապարակելու համար։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհներին վերաբերող մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Հուլիսի 7-11-ը դասերն անցկացվելու են Երևանից դուրս (անցկացման վայրի մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ), իսկ հուլիսի 12-16-ը` դասընթացի գործնական մասը, կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ):

Մասնակցությունը դասընթացին անվճար է: Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։  Մարզերից մասնակիցների տրանսպորտի ու կեցության ծախսերը կփոխհատուցվեն:

Մասնակցության հայտերը կարելի է լրացնել հետևյալ հղումով։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին mgrigoryan@mediainitiatives.am էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​


Բրյուս Գելերմանը WBUR ռադիոկայանի ավագ թղթակիցն  է։ Հիմնադրել և երկար տարիներ վարել է NPR-ով հեռարձակվող լրատվական “Here and Now” ծրագիրը, համահեղինակել և վարել է Public Radio International-ով հեռարձակվող բնապահպանական “Living on Earth” ծրագիրը։

Մինչ Բոստոն տեղափոխվելը Բրյուսը Վաշինգտոնի ավագ թղթակից էր հետաքննող լրագրության կենտրոնում և գիտական ոլորտի լրագրող՝ NPR-DC-ում։ Գրել է The New York Times, The Boston Globe և Science Magazine ամսագրերի համար։ Որպես պրոդյուսեր աշխատել է CBS-News-ի “60 Minutes” հեռուստատեսային հետաքննություններում և WCVB ամսագրի “Chronicle” ծրագրում։

Բրյուսը Գելերմանը ավելի քան 50 լրագրողական մրցանակ է ստացել, այդ թվում՝ The Sigma Delta Chi պրոֆեսիոնալ լրագրության մրցանակը, The Edward R Murrow մրցանակը, երեք անգամ ստացել է The AAAS մրցանակը գիտական լրագրության համար։ Նա մասնագիտացած է հետաքննական, տնտեսական և գիտական լրագրության մեջ։

Նրա լրագրողական աշխատանքները  մեծ արձագանք և ազդեցություն են ունեցել։ Իր ամենահիշարժան աշխատանքը Գելերմանը համարում է “Reasonable Doubts շարքը։ Նրա այս հետաքննությունից հետո ազատ արձակվեց  32 տարի բանտում անցկացրած Դարրել Ջոնսը, որը դատապարտվել էր սպանության համար։ 2 տարի տևած հետաքննության արդյունքում ստեղծվեց 5 մասերից բաղկացած “Reasonable Doubts” շարքը։ Բրյուսի հաղորդումն օգտագործվեց դատարանում և բանտարկվածը, որը երբեք չէր ընդունել իր մեղավորությունը, վերջապես ազատ արձակվեց։


Հետաքննական լրագրության ամառային դպրոցը  անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: