Մուլտիմեդիա լրագրողական պատմությունները՝ «Թվապատում» հարթակում

Share

Պատմություններ Եվրոպայի հայ միգրանտների, Հայաստանում կրոնական, ազգային, տարիքային խտրականության դեպքերի, Սիրիական ճգնաժամի և Սիրիայի հայկական համայնքի մասին: Թեմաները տարբեր են, մոտեցումը մեկը. ասելիքն առավել պատկերավոր, մանրամասն ու հետաքրքիր ձևաչափով ներկայացնող լրագրողական նյութերն այսուհետ կհավաքվեն մեկ հարկի տակ՝ aravot.am կայքում գործող «Թվապատում» նոր հարթակում: Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հերթական մտահաղացումն է, որն իրականացնում ենք գործընկերներ-լրագրողների հետ համատեղ:

«Ծանոթանալով պատմություններ ներկայացնելու գործում թվային տեխնոլոգիաների լավ հնարավորություններին, ուսումնասիրելով միջազգային օրինակներ՝ առաջին հերթին մենք ոգևորվեցինք: Հեռու փնտրեցինք, բայց մոտ գտանք Արտյոմ Գալուստյանին, ով մուլտիմեդիա ֆորմատներով հետաքրքիր նախագծերի հեղինակ է: Նրան Մոսկվայից հրավիրեցինք Հայաստան՝ մեր և լոնգրիդ ֆորմատով հետաքրքրված լրագրողների համար դասընթաց անցկացնելու»,- ասում է ՄՆԿ-ի զարգացման գծով պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:

Ոգևորության հաջորդ փուլում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հնարավորություն և ֆինանսական աջակցություն տրամադրեց դասընթացի մասնակիցներին, որ զարգացնեն ու ավարտին հասցնեն իրենց նախագծերը: Հետագայում ձևաչափի ուսուցումն ու գործնական կիրառումը ներառեցինք ՄՆԿ-ի լրագրողական մյուս դասընթացների օրակարգում ևս: Արդյունքում ստացանք տասը լրագրողական պատմություններ, որոնցում վիճակագրությունը վերածված է մարդկային պատմության, խնդիրները ներկայացված են քարտեզների, պատկերի, ձայնի, նշանների առցանց գործիքներով: Մնում էր դրանց հարթակ տալ ու ներկայացնել լսարանին:

Արմենի կարծիքով, լոնգրիդ ֆորմատը խնայում է լսարանի ժամանակն ու հեշտացնում ընկալման ձևը.

«Այն օգտատերին ներկայացնում է ոչ թե մեկ լուսանկար կամ տեսանյութ, այլ թույլ է տալիս պատմությունը ֆիզիկապես պահել համակարգչի կամ հեռախոսի էկրանին, պարբերաբար վերև-ներքև անել, այն ամբողջությամբ ընկալել: Իսկ լրագրողին հնարավորություն է տալիս կարճ ժամանակում գրավիչ պատմություն ստեղծել հեռախոսով արված մեկ ֆոտոյի կամ վիդեոյի շուրջ՝ այն համադրելով, օրինակ, տվյալների, քարտեզների, այլ նյութերի հետ»:

Շարունակելով խրախուսել նոր  ձևաչափերի օգտագործումն ու տարածումը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հաջորդ քայլով հայտարարեց մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի մրցույթ: Ոգևորված թե՛ ներկայացված թեմաներով, թե՛ հայտերի քանակով՝ կազմակերպիչները մտադիր են աջակցել նախատեսվածից ավելի պատմությունների ստեղծմանը: Դրանք ևս կհամալրեն «Թվապատման» շարքերը: