«Փուչիկ արդարադատություն» և «Լռության պատը» ֆիլմերի ցուցադրությունը

Փետրվարի 27-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամում տեղի ունեցավ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում պատրաստված երկու ֆիլմի ներկայացում-քննարկումը: Թեհմինե Ենոքյանի «Փուչիկ արդարադատություն» և Ռոզա Հովհաննիսյանի «Լռության պատը» ֆիլմերը՝ հրապարակված Lragir.am-ում, մարդկային ճակատագրերի ու համառ պայքարի պատմություններ են:

«Ընտանիքներ, որոնք իրենց պայքարում պարբերաբար հանդիպել են փուչիկ պաշտոնյաների, փուչիկ իրականության, փուչիկ արդարադատության»,- ասում է Թեհմինե Ենոքյանը:

Նրա ֆիլմը պատմում է խաղաղ պայմաններում զոհված հինգ զինվորների մահվան գործերի մասին, որոնք 10 և ավելի տարիների ընթացքում չեն բացահայտվել։

Թեհմինեն ասում է, որ սա ինքն իրեն հաղթահարելու առաջին դեպքն էր. «Սպանությունների թեման ամենածանրերից է, էմոցիոնալ տեսակետից այնքան էլ հեշտ չէ լուսաբանելը: Ինձ զարմացնում է այս կանանց համառությունը, որ չեն նահանջում: Նրանք իրենց մեջ մեծ ցավ և չլուծված խնդիր ունեն, կորցրել են ամենաթանկը: Նաև զարմացնում է, երբ աչք ծակող փաստերի վրա հնարավոր է աչք փակել»:

Lragir.am-ը գրեթե մեկ տարի հետևել է քրեական գործերի վերաբացման համար պայքարող ծնողների բողոքին և դատարաններում կայացվող վճիռներին։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև զինծառայողների ծնողները: 2007 թ օգոստոսի 30-ին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, տասը տարիների ընթացքում «արդարությունը փորձել է գտնել լրագրողների միջոցով, որովհետև դա չի տեսնում դատախազությունը, դատարանը, պատկան մարմինները»:

«Մեր քրեական գործում կային լուսանկարներ, որոնք դատաբժշկական եզրակցության մեջ չէին ներգրավվել: Լուսանկարներն իրենց մոտ էին, բայց չէին ուզում տեսնել: Լրագրողների կողմից թեման հանրայնացվելուց հետո դատախազությունն այլ ելք չուներ, ստիպված ընդունեց: Մեր քրեական գործերը հիմա Եվրոպական դատարանում են, իսկ մի գործով Հայաստանին ապտակ հասավ»:

Խոսքը Սարգիս Մուրադյանի գործի մասին է. 2016 թ. տարեվերջին ՄԻԵԴ-ը կայացրեց դատավճիռ, որով ապացուցված համարեց, որ զինվորը մալարիա հիվանդությունից չի մահացել, նրան սպանել են։ Դատավճռով նշանակվեց հիսուն հազար եվրո փոխհատուցում ծնողներին։

Մյուս՝ «Լռության պատը» ֆիլմը Երևանում կառուցապատողների ձախողման պատճառով փողոցում հայտնված տասնյակ ընտանիքների մասին է: Շինարարության զոհ դարձած այս մարդիկ իրենց հարցին հանրային հնչեղություն տալու և արդյունքի հասնելու նպատակով բողոքում են կառավարության շենքի մոտ, դիմում են միջազգային դատական ատյաններ:

«Իրենց բողոքն արտահայտող այս մարդիկ բախվում են մի պատի: Այդ պատը Հայաստանի դատական համակարգն է, որից մարդիկ դժգոհ են, պետական մարմիններն են, որոնք հստակ լուծումներ չեն տալիս մարդկանց խնդիրներին, ոչ էլ պատասխաններ են տալիս լրագրողների հարցադրումներին: Ֆիլմում փորձել ենք ճեղքել այդ պատը»,- ասում է ֆիլմի հեղինակ Ռոզա Հովհաննիսյանը:

Տուժած ընտանիքների բնակարանները փոխհատուցելու խոստումեր կան: Ռոզան պատրաստվում է հետևել ընթացքին, արդյո՞ք խոստումներն ի կատար կածվեն: