Մեդիագրագիտության կրթական շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 5-9-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Մեդիագրագիտության կրթական շաբաթը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվող այս միջոցառմանն ամեն տարի միանում են աշխարհի տարբեր երկրներ:

Մեդիագրագիտության միջազգային այս տոնը Հայաստան բերելու միտքը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնինն (ՄՆԿ) էր, որն այն համատեղ իրագործեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, տեսանյութերի ու ֆիլմերի դիտումներ, նյութերի քննարկումներ, կրթական խաղերի ժամեր. այս և մի շարք այլ գործողություններն առաջարկվեցին դպրոցներին:

ՄՆԿ-ի հրավերով նախաձեռնությանը միացան նաև խմբագրություններ, որոնք դռները բացեցին դպրոցների աշակերտների առաջ՝ նրանց համար կազմակերպելով շրջայցեր դեպի լրագրողական աշխարհ: Դպրոցներ` աշակերտներին այցելեցին ու իրենց փորձով կիսվեցին լրագրողներ ու մեդիա մասնագետներ:

Ֆեյսբուքյան տեսահանդիպում կազմակերպեցին ՄՆԿ-ի մասնագետներ Լուսինե Գրիգորյանը և Գեղամ Վարդանյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով մասնակիցների հարցերին:

Նոյեմբերի 5-ին ծրագրի մեկնարկը տվեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան տեսաուղերձով կոչ անելով աշակերտներին և ուսուցիչներին միանալ միջոցառմանը:

«Մեդիագրագիտությունն անչափ կարևոր է՝ նախ տարբերելու հավաստի աղբյուրները, գրագետ լուրերը, վերլուծական նյութը և քարոզչությունը: Մեր օրերում ապատեղեկատվությունը շատ մեծ է, և շատ կարևոր է, որպեսզի մեր աշակերտները, նաև երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները գրագետ լինեն: Մեր ցանկությունն ու գործողությունները միտված են նրան, որպեսզի մեդիագրագիտությունը դասավանդվի և մեր նոր սերունդը գրագետ լինի հենց դպրոցից»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Մեդիագրագիտության կրթական շաբաթվա միջոցառումներն ու ոգևորությունը լայնորեն տարածվեց առցանց. աշակերտները, ուսուցիչները, դպրոցներն ու նախաձեռնությանը միացած մյուս կազմակերպություններն ու անհատներն իրենց նյութերը, լուսանկարներն ու վիդեոները տարածեցին կիրառվող #MILWEEKARM18 հեշթեգի օգնությամբ:

«Նախորդ տարիներին էլ ՄՆԿ-ն միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդիա և ինֆորմացիոն գրագիտության շաբաթվան, բայց այս տարի շաբաթը իրոք կրթական մեծ տոն դարձավ, քանի որ ԿԳՆ-ի հորդորով դրան միացան դպրոցները Երևանում և մարզերում։ Որպես հաջորդ քայլ կփորձենք համատեղ ճանապարհ գտնել՝ մեդիագրագիտությունը դպրոցական ծրագրում ներառելու համար» -, ասում է ՄՆԿ-ի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր մեդիագրագիտության ծրագրերն իրականացնում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

Շաբաթն ավարտվեց, բայց մեդիագրագիտության կրթական գործընթացը շարունակվում է: Այս օրերին առաջարկված ուսուցողական նյութերը հասանելի են առցանց՝

– ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկը,
– Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած երեք կրթական խաղերը՝ Մեդիամարտ, Լիտերատուսի Արկածները, Ցանցառ,
– Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և «Բունուս» կրթական նախաձեռնության համատեղ երեք վիդեո դասերը՝ Մեդիագրագիտություն․ լուրը, լրագրությունն ու հասարակությունը, «Պահապան շները» լրագրության մեջ,  Ինչպես վերլուծել տեղեկությունները,
– Եվ ՄՆԿ-ի Media.am կայքի բովանդակությունն ամբողջությամբ: