Հասկանալ ու վերլուծել մեդիայի ասելիքը. դասընթաց ուսուցիչների համար

Լիլիթ Գիշյանն արդեն մոտ երկու տասնամյակ պատմություն է դասավարդում Նոյեմբերյանի ավագ դպրոցում: Բայց այս անգամ ինքն էր հայտնվել աշակերտական նստարանին. Լոռու և Տավուշի մարզերի իր 15 գործընկերների հետ միասին մասնակցում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած մեդիագրագիտության վերապատրաստման եռօրյա դասընթացին:

Նախկինում Լիլիթը լրատվամիջոցներին վստահում էր անվերապահորեն, աշակերտներին էլ սովորեցնում էր՝ հեռուստացույցով ասվածը բացարձակ ճշմարտություն է: Դասընթացի արդյունքում վերանայել է այս մոտեցումը.

«Աշակերտների հետ ուսումնասիրում ենք ոչ միայն անցյալը, այլև ժամանակակից պատմությունը, այն ամենն, ինչ կատարվում է աշխարհի թեժ կետերում: Մեր տեղեկության աղբյուրը հիմնականում լրատվամիջոցներն ու ինտերնետային տարբեր հարթակներն են, այդ թվում, Վիքիպեդիան: Հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է ամեն լսածին ու տեսածին քննադատորեն մոտենալը, հավաստի ու կեղծ տեղեկությունը տարբերակելը, ավելի գրագետ մեդիա սպառող լինելը»:

Երեք օրերի ընթացքում ուսուցիչները ծանոթացան մեդիայի կենսագրությանը՝ անտիկ շրջանից մինչև մեր օրերը, ուսումնասիրեցին ժամանակակից մեդիայի տեսակներն ու լրատվամիջոցների աշխատանքը ներսից, սովորեցին հասկանալ ու վերլուծել մեդիայի ասելիքը: Իսկ դասընթացի ավարտին քննարկեցին՝ ինչպես գիտելիքը հետագայում փոխանցել աշակերտներին: