Վարպետության դասեր օպերատորների համար

Ինտերնյուսը վաղուց օպերատորների համար առանձին դասընթաց չէր կազմակերպվել: Հեռուստատեսային դասընթացներին մասնակցող լրագրողներն ամեն անգամ ափսոսանքով խոստովանում էին, որ չեն կարողանում իրենց գործում շատ բան փոխել, քանի դեռ օպերատորներն էլ չեն վերանայել իրենց մոտեցումները ընդհանուր գործին:

2012թ-ի ապրիլի 17-20-ը, «Լրատվության այլընտրանքային միջոցներ» ծրագրի շրջանակներում, հնարավոր դարձավ անցկացնել օպերատորական վարպետության երկար սպասված դասընթացը:

Դասընթացը վարեց ուկրաինացի օպերատոր, ռեժիսոր, կինոգետ Միխայել Լեբեդևը: Նա փորձառու մասնագետ է և հմուտ դասավանդող: Աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում. ասում է, որ այս երկու աշխարհները ժամանակակից մեդիա նախագծերում հաճախ են համադրվում:

Դասընթացի հենց առաջին օրվանից Ինտերնյուսի ուսումնական սենյակում հավաքվեցին տարբեր չափերի զանազան սարքավորումներ՝ փորձի փոխանակման և նոր փորձակումների համար:  5-օրյա վարպետության դասերին օպերատորների համար կարևոր թեմաներ շոշափեցին՝ կադրի կոմպոզիցիա, լույսի հետ աշխատանք, համադրված հեռուստատեսային պատկերներ, վիրտուալ ստուդիաներ, ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներ:

Դասընթացին մասնակցում էին մարզային և երևանյան հեռուստաընկերություններում աշխատող տասն օպերատորներ: Օրվա երկրորդ կեսին նրանց էին միանում նաև մի խումբ ուսանողներ Երևանի թատերական ինստիտուտից: Մասնագիտական նորություններն ու քննարկումները, վարպետորեն նկարահանված տեսանյութերի դիտումն ու վերլուծությունը, սեփական փորձերը/դեբյուտները ներկայացնելու հնարավորությունը նրանց ակամա դասերից հետո բերում էին Ինտերնյուս և պահում մինչև ուշ երեկո: