Ինտերնյուսը մասնակցեց «Հանրակրթական Դիջիթեք 2013»-ին

3-րդ դասարանցի Նարեկը ամեն շաբաթ սցենար է գրում ու հաղորդում նկարահանում հեռախոսի տեսախցիկով. Նարեկ TV-ն պատմում է Նարեկին հետաքրքիր թեմաների մասին, ասենք` օդապարիկի կամ ձմերուկի… Նարեկի հաղորդաշարը ներկայացված էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից փետրվարի 4-ից 8-ը անցկացվող «Հանրակրթական Դիջիթեք» մրցույթ-ստուգատեսին եւ Ինտերնյուսի կողմից արժանացավ մրցանակի:

Որպես Դիջիթեք 2013-ի գործընկեր, Ինտերնյուսն ակտիվորեն մասնակցեց ստուգատեսին. անցկացրեց սեմինարներ ու քննարկումներ, նաեւ, ընդգրկված լինելով ժյուրիի կազմում, մի քանի մասնակիցների մրցանակ տվեց:

Դիջիթեքի օրերին Ինտերնյուսի մասնագետները հանդիպեցին դպրոցականներին` նրանց հետ խոսելով մեդիագրագիտության մասին ու քննադատորեն վերլուծելով հայկական եթերից վերցրած տեսանյութեր: Ի՞նչ է գովազդը, ինչպիսի՞ն պետք է լինի օբյեկտիվ լրատվությունը, ինչպե՞ս ստուգել կասկածելի թվացող տեղեկությունները… Ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ինտերնյուսցիները ներկայացրին ինտերնետային ռեսուրսներ ու օնլայն գործիքներ, որոնք կօգնեն դասերը ավելի հետաքրքիր անցկացնել:

Ինտերնյուսը նաեւ նախաձեռնեց կլոր սեղան-քննարկում` հանրակրթության մեջ թվային տեխնոլոգիաների կիրառման թեմայով:  Մասնակցում էին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների եւ դպրոցների ներկայացուցիչներ: Հասկանալով, որ պետության կողմից իրականացվող ծրագրերը բավարար չեն՝ մասնակիցները շեշտեցին իրենց դերը` դպրոցներում տեխնոլոգիաների կիրառությունն ավելի արդյունավետ դարձնելու եւ ուսուցիչների գործելաոճը փոխելու գործում: Քննարկվեցին հենց մասնավոր եւ հասարակական սեկտորում իրականացվող նորարակական ծրագրերը եւ համագործակցությունը դպրոցների հետ:

Դիջիթեքի մասնակիցներին ներկայացվեց նաեւ Ինտերնյուսի Մեդիագրագիտության դասընթացը համապատասխան ձեռնարկով եւ էլեկտրոնային հավելվածով (տպագրության փուլում են), եւ ուսուցիչները հետաքրքրություն հայտնեցին կիրառել դասընթացի նյութերը: