Հրաշքներ փնտրելիս

Չորս տարեկան Անին առաջին անգամ հեռուստացույցով նայեց Դեյվիդ Կոպերֆիլդի շոուն եւ որոշեց ամեն ինչ անել՝ նրա հրաշքները կրկնելու համար: Դա 1992 թվականն էր: 2010 թվականին Անի Ստեփանյանը մասնակցեց «Ինտերնյուս»-ի «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի մրցույթին ներկայացրեց իր սցենարը. «Փնտրում եմ հրաշք՝ Ստամբուլում»: Այն ներկայացված 70 հայտերի մեջ ճանաչվեց լավագույնը, եւ Անին ծրագրի հինգ այլ մասնակիցների հետ մեկնեց Ստամբուլ՝ հրաշք փնտրելու:

«Ինտերնյուս»-ի «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի՝ երիտասարդների համատեղ ֆիլմարտադրություն բաղադրիչի նպատակն էր հարեւան երկու երկրների վեցական ուսանողների հնարավորություն տալ շփվել միմյանց հետ, ծանոթանալ երկրին, անցնել մասնագիտական ուսուցում, շրջագայել եւ նկարահանել ֆիլմ՝ սեփական հայացքը հարեւանների կյանքին, կենցաղին, մշակույթին ու խնդիրներին:

Այս ծրագրի շրջանակներում Անին մի օր անցկացրեց Ասիայում, մի օր էլ՝ Եվրոպայում: Այսինքն՝ եղավ այս աշխարհամասերը բաժանող Բոսֆորի նեղուցի երկու կողմերում էլ եւ հրաշքներ փնտրեց: Առաջինը նրան հյուրընկալեց Թուրքիայի ամենահայտնի հրաշագործը՝ Քուբիլայ Թունջերը: Նրա «Սովորական հրաշքներ» ներկայացումները մեծ հռչակ ունեն Թուրքիայում: Պարոն Թունջերը Անիին սովորեցրեց հրաշագործի ամենակարեւոր կանոնը՝ նույնիսկ ամենահասարակ շարժումն ու քայլը անել մեծ հանդիսավորությամբ, ճիշտ տեղում ու ճիշտ ժամին: «Չի կարելի գնալ սուպերմարկետ ու հաճախորդների աչքի առաջ անհետացնել լիմոնը, ո՛չ: Այդ մարդիկ քեզ պետք է տեսնեն միայն բեմի վրա, լույսերով, օգնականներով, ծափերով ու շքեղ հագուստով»,- ասում է Թունջերը:

Մյուս հրաշագործը, ում հանդիպեց Անին, ունի ավելի քան 100 աշակերտ, բայց ինքը երբեք չի երեւում բեմերին ու էկրաններին: Իսկապես հրաշալի մարդ Էրդեմ Բեյը ճիշտ հակառակը՝ կողմ է ամենօրյա հրաշքներին եւ դեմ չէ սուպերմարկետներում, նույնիսկ՝ պետական հիմնարկներում հրաշքներ ցույց տալ: «Դա օգնում է մարդկանց մտերմանալ, ու, ինչու չէ, գործերն առաջ գցել»,-ծիծաղելով բացատրում է Էրդեմը: Էրդեմ Բեյը Անիին հյուրասիրեց իր կախարդական թեյով հենց իր խանութում, այնտեղ, ուր նա վաճառում է հրաշագործական իրեր. գլխարկներ, որոնք ճագարներ են դառնում, ձեռնափայտեր, որոնք փոխվում են ծաղկեփնջերի, պարաններ, որոնք հանկարծ բոցկլտում են: Բայց այս ամենին տիրապետելու համար պետք է հավատաս հրաշքին, դրա համար էլ Էրդեմը խանութ է թողում միայն նրանց, ովքեր հավատում են: Այստեղ Անին սովորեց երկրորդ ոսկե կանոնը՝ ոչ մի դեպքում գաղտնիքդ չբացես:

Անի Ստեփանյանը Էրդեմի ու Թունջերի գաղտնիքները չբացեց, սակայն բացահայտեց նրանց կերպարները: Անիի ֆիլմը ցուցադրվեց եւ քննարկվեց Երեւանի, Գյումրիի, Ստամբուլի, Էսքիշեհիրի համալսարաններում եւ մեծ արձագանք ունեցավ, լուսաբանվեց Հայաստանի եւ Թուրքիայի լրատվամիջոցներով:

«Ինձ համար ամենակարեւոր բացահայտումը հենց Թուրքիան էր»,- ասում է Անին: «Ստացվեց այնպես, որ ես ֆիլմը նկարահանեցի ընդամենը երկու օրում, բայց այդ ամբողջ ժամանակն այնքան հագեցած էր նոր տպավորություններով, որ թվում է, ես դեռ Էրդեմի փոքրիկ հրաշք խանութում եմ, ու հրաշքներ եմ փնտրում»:

Ծրագրի ավարտին հայ եւ թուրք երիտասարդները հնարավորություն ունեցան մեկ անգամ եւս հանդիպել Երեւանում եւ քննարկել իրենց համատեղ աշխատանքն ու ծրագրի արդյունքները: Միասին նրանք մեկնեցին հայ-թուրքական սահման, Հայաստանի սահմանագծից նայեցին մայրաքաղաք Անիին եւ լուսանկարվեցին Անիի Մայր տաճարի ֆոնին՝ ի նշան հետագա համագործակցության: