«Ես եմ մեդիան» մրցույթի հաղթող աշխատանքները հրապարակվեցին Media.am-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի արդյունքներն ամփոփեց հուլիսին: Մրցանակակիրները ստացան նվեր քարտեր՝ գրքեր և ուսուցողական փաթեթներ ձեռք բերելու հնարավորությամբ, իսկ լավագույն նյութի հեղինակն արժանացավ ուսման վարձի փոխհատուցման` հարյուր հազար դրամի չափով: Բացի այդ, հաղթողների աշխատանքները հրապարակվեցին Media.am կայքում:

Առաջին մրցանակակիր Վիկտորյա Մարկոսյանն (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ) իր անձնական օրինկով պատմել է մեդիագրագիտության, մեդիայի ընդհանուր պատկերի և կեղծ տեղեկատվության մասին:

2-րդ մրցանակին արժանացած Արփի Ջանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ) գրել է մեդիասպառողի դասական կերպարի մասին՝ ընդգծելով, որ լսարանը մեդիայում գտնում է այն, ինչ փնտրում է: Նա վստահ է, որ ինչպես մեդիան է ձևավորում սպառողին, այնպես էլ սպառողն է պահանջարկ ձևավորողը:

3-րդ մրցանակը Լուիզա Վարդանյանինն էր (Հայաստանի ամերիկյան համալսարան, Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ), որն իր էսսեում ներկայացրել է լրագրողի մասնագիտության դերն ու կարևորությունը և խոստովանել, որ «գժվելու աստիճան սիրում է մեդիան»:

Հիմնական մրցանակներից բացի ժյուրին խրախուսական պարգևներ հանձնեց երկու մասնակցի:

Արփինե Առաքելյանի (ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ) աշխատանքը սոցիալական ցանցերի մասին է, թե ինչպես է Ֆեյսբուքն իրեն օգնում գտնել հին ընկերներին և ընդհանուր հետաքրքրություններ:

Տաթևիկ Առուստամյանը (ՀՊՏՀ, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ) ներկայացրել է տեղեկատվական հասարակության առօրյա կյանքն ու սպառողական վարքագիծը: