«Ես եմ մեդիան». ուսանողները՝ մեդիագրագիտության մասին

«Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը ու համարում եմ, որ եթե մի բան անում ես, պետք է անես շատ լավ կամ ընդհանրապես չանես: Ես փորձում եմ անել հնարավորինս լավ, դրանում օգնում են թե՛ իմ դասախոսները, թե՛ իմ խմբագիրները»,- ասում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սյունե Սևադան: Նա «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթում առաջին տեղը գրաված նյութի հեղինակն է:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզենային տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:

Ստացված 14 հայտերից հաղթող են ճանաչվել 4-ը (1-ին մրցանակ՝ Սյունե Սևադա, 2-րդ մրացանակ՝ Ազատուհի Խաչատրյան, 3-րդ մրացանակը կիսել են Ամալի Խաչատրյանը և Լիլիթ Հովհաննիսյանը), խրախուսական մրցանակ է ստացել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբինա Դավթյանը, ով ներկայացրել է գիտական լրագրության խնդիրները:

«Ես եմ մեդիան» մրցույթին միակ տեսանյութը ներկայացրած և 3-րդ տեղը զբաղեցրած Լիլիթ Հովհաննիսյանը անդրադարձել է մեդիա մանիպուլյացիաներին և իրականությունը տարբեր կերպ մեկնաբանելու երևույթին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է Հայաստանում մեդիագրագիտության տարածմամբ՝ համագործակցելով դպրոցների, բուհերի, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ: «Ես եմ մեդիան» մրցույթը ևս մի քայլ էր՝ երիտասարդների շրջանում մեդիայի ու տեղեկատվության թեմայով քննարկում նախաձեռնելու: ՄՆԿ-ի մեդիագրագիտության նախագծերը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մաս են, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Մրցույթին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները: Նախաձեռնությանը սատարել է նաև Բարքեմփ Երևան նախաձեռնությունը:

Media.am-ը հուլիս ամսվա ընթացքում Vox Populi բաժնում կհրապարակի «Ես եմ մեդիան»-ի հաղթողների աշխատանքները:

[foogallery id=”4521″]