Դիալոգոս՝ պատերազմի և խաղաղության ֆիլմերի չփառատոն

Փետրվարի 22-25-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց պատերազմի և խաղաղության Դիալոգոս չփառատոնը: Այս հարթակը առաջին փորձն էր կինոյի լեզվով ներկայացնելու հակամարտող կողմերի անցյալն ու ներկան, խնդիրներն ու հույսերը, կորուստներն ու ձեռքբերումները։

Չփառատոնը տոն չէր, այլ փորձարկումների, լուծումներ և հնարավորություններ փնտրելու ինտերակտիվ դաշտ։ Ընտրված ֆիլմերը չէին մրցում, մրցանակներ չէին հանձնվում, իսկ ժյուրին հենց հանդիսատեսն էր։

Դիալոգոսում ներկայացված ֆիլմերը տարբեր ձևաչափերի, տևողության ու ժանրերի են, կարող են չհամապատասխանել փառատոնային պահանջներին: Դրանք հաճախ փորձարարական են, ոչ միշտ ստեղծված պրոֆեսիոնալների կողմից։ Ֆիլմերի հիմքում ցավն ու մտահոգությունն է, կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված մարդկանց ճակատագրերը:

Այս տարի չփառատոնը հարթակ էր Ղարաբաղյան և վրաց-օսական հակամարտությունների մասին վրացական, հայկական և հայ-ադրբեջանական համատեղ 18 վավերագրական ու 4 անիմացիոն ֆիլմերի համար, որոնք ստեղծվել են վերջին տասը տարվա ընթացքում: Որոշ դեպքերում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հանդիպելու ֆիլմերի հեղինակների, ռեժիսորների, հերոսների հետ ևքննարկեց դիտածը:

Դիալոգոսի շրջանակում կայացավ նաև ֆիլմի պրեմիերա: Փետրվարի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Դիալոգոս» չփառատոնի շրջանակում առաջին անգամ ցուցադրվեց վրացի լրագրող, կինովավերագրող Թոմա Չագելիշվիլիի «Ես չեմ հատել սահմանը, սահմանն է հատել ինձ» ֆիլմը:

Այն պատկերում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքները: Ֆիլմի հերոսը վրացական մի սովորական ընտանիք է, որի տունը հայտնվում է հակամարտության գոտում, իսկ մի օր հանկարծ հատվում փշալարով:

Ֆիլմի ավարտին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հանդիպելու Թոմա Չագելիշվիլիի հետ:

Dialogos՝ հին հունարենից թարգմանաբար նշանակում է զրույցի և իմաստության համադրություն, ճշմարտության և լուծումների փնտրտուք, անվերջ գործողություն, շփման և հաղորդակցության միջոց։

«Մոսկվա» կինոթատրոնում անցկացված Դիալոգոս չփառատոնը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

Չփառատոնի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դիալոգոսի ֆեյսբուքյան էջում: