Մեդիայի ասելիքը՝ մաթեմատիկական բանաձևի և ժողովրդական հեքիաթի օրինակով

Հեռուստատեսությունում 17 տարվա լրագրողական փորձ ունեցող Ստելլա Գևորգյանի համար քաղաքացիական հասարակությունը նոր ոլորտ է: Մոտ վեց ամիս է, ինչ միացել է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի թիմին: Ասում է, որ նոր մեդիայի բնագավառում իրեն քարե դարում էր զգում: Տեսել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիայի հետ աշխատանք. մոտեցումներ, գործիքներ, ռեսուրսներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար դասընթացի հայտարարությունն ու հասկացել՝ պետք է մասնակցի:

«Քաղհասարակության ոլորտում մենք շատ են խոսում ծրագրերի, նպատակների ու խնդիրների մասին՝ կիրառելով հատուկ տերմինաբանություն: Դասընթացը սովորեցրեց մեր ասելիքը մեդիայի տեսանկյունից ձևակերպել և ավելի հասանելի դարձնել: Այլապես փակ շղթայում կհայտնվենք»:

Մաթեմատիկական բանաձևի և ժողովրդական հեքիաթի օրինակով հասկանալ մեդիայի ասելիքը, ինչ հարթակներ ու գործիքներ կիրառել սեփական մեդիա նախագծերի համար, ինչպես պատրաստվել մեդիա արշավներին: «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում անցկացված եռօրյա դասընթացի առանցքային թեմաներից էին:

Artist.am-ից Մանվել Ալևորյանին հատկապես հետաքրքիր էր հասկանալ մեդիայի հետ աշխատանքի ձևաչափերը, ինչպես շփվել լրագրողների հետ, ինչպես նրանց հետաքրքրել:

«Մինչև դասընթացը մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, կարծում էի՝ լրագրողը ցանկացած թեմա լուսաբանելիս պետք է շատ ավելի պատրաստված լինի: Հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ»:

«Հայ կամավորների բանկ» ՀԿ-ի նախագահ Մարինե Եղոյանը սովոր էր ֆորմալ, գործնական ոճով և քիչ տեղեկությամբ մամուլի հաղորդագրություններ պատրաստելուն:

«Այստեղ հասկացա, որ նույնիսկ մամուլի հաղորդագրությունը կարելի է գեղեցիկ ներկայացնել, ավելի գրավիչ դարձնել լրատվամիջոցների համար: Հասկացա՝ ինչպես կառուցել հասարակ նախադասությունը, որպեսզի այն դիմացինին միանգամից հետաքրքրի»,- ասում է Մարինեն:

Սաթիկ Հարությունյանը, որը ներկայացնում է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, նախկինում մասնակցել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրողական դասընթացներին, բայց միշտ խուսափել է տեսախցիկի առաջ հայտնվելուց: Դասընթացի շրջանակում առաջին անգամ հարցազրույց տվողի դերում էր:

«Շատ կարևոր էր հասկանալը, որ պետք է միշտ պատրաստ լինենք մեր կազմակերպության մասին անհրաժեշտ տեղեկություն տրամադրել: Եվ դա պետք է անենք հնարավորինս արագ ու լավագույն կերպով»: