Կրիտիկոններ՝ հրապարակմանն արձագանքելու նոր հնարավորություն

Լսարանի հետ խմբագրությունների կապն ամրապնդելու համար Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոր գործիք է մշակել՝ կրիտիկոններ: Դրանք էմոտիկոններ են, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս էմոցիոնալ արձագանքել հոդվածին ու գնահատել հեղինակի աշխատանքը: Վիզուալ ու կիրառական տեսակետից կրիտիկոնները նման են Ֆեյսբուքի արձագանքման կոճակներին (Like, Love, Anger և այլն) կամ չաթերում կիրառվող էմոջիներին:

Կրիտիկոնների կիրառման օրինակը հասանելի է Media.am կայքում՝ հոդվածների ստորին հատվածում:

Ընթերցողները հաճախ չեն ցանկանում ժամանակ ծախսել հոդվածը մեկնաբանելու վրա: Կրիտիկոններն օգնում են հոդվածի նկատմամբ արագ վերաբերմունք արտահայտել: Օրինակ, եթե հոդվածն այնքան լավն է, որ այն արժե խրախուսել, ապա կարելի է օգտագործել «Անպայման կարդալ» կրիտիկոնը: Իսկ եթե ընթերցողը մտածում է, որ իր կարդացած հոդվածը օբյեկտիվ չէ, գովազդային է և պատվիրված, կարող է սեղմել «Պատվերով նյութ» կոճակը:

Կրիտիկոններն ընդհանուր առմամբ յոթն են՝ «Ա~յ քեզ վերնագիր», «Պատվերով նյութ», «Անպայման կարդալ», «Դատարկ նյութ», «Ապատեղեկատվություն», «Կեցցե լրագրողը», «Copy Paste»:

Կրիտիկոնները հասանելի են 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կրիտիկոնները կարող են լինել ցանկացած գույնի՝ կայքի դիզայնին համապատասխան:

Լրատվական կայքերի խմբագրությունները կարող են անվճար օգտագործել այս գործիքը: Կրիտիկոնների տեղադրման հատուկ կոդը և այլ տեխնիկական խորհուրդներ կարելի է ստանալ Լուսինե Գրիգորյանից՝ դիմելով նրան lgrigoryan@mediainitiatives.am հասցեով: