Լրագրողական շրջայց դեպի մանկություն

Share

Երբ լուսանկարչական ապարատի ֆոկուսում երեխաներն են, լրագրողի համար դժվար է միանգամից գործի անցնելը։ Նախ պետք է ապարատը ուսումնասիրեն, հետո հարցուփորձ անեն, հետո միայն՝ խոսեն ու քո հարցերին պատասխանեն․․․

Նոյեբերի 15-16-ին համայնքային նախակրթարաններ այցելած լրագրողների խմբին հենց այսպես էին դիմավորում գյուղի փոքրիկները։

Խմբում երիտասարդ լրագրողներ էին՝ երեխաների հետ աշխատելու ոչ մեծ փորձով։ Բայց փոքրիկներն արագ լեզու էին գտնում նրանց հետ․ պատմում էին ընկերներից, գյուղից, Ռուսաստանում աշխատող հայրիկից ու պապիկից, իրենց սիրելի խաղերից, նկարներից, գրատախտակին գրած առաջին տառերից ու թվերից․․․

Լրագրողական այս շրջայցը Լոռու և Գեղարքունիքի մարզեր կազմակերպել էին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը։ 2017 թ-ին «Սեյվ դը չիլդրենը» դպրոցահեն նախակրթարաններ է բացել երկու մարզերի հինգ գյուղերում՝ Արջուտում, Գեղասարում, Վարսերում, Վաղաշենում և Գեղարքունիքում։ Դպրոցների շենքերում վերանորոգվել և կահավորվել են սենյակները, վերապատրաստվել են երեխաների հետ աշխատող մասնագետները, մշակվել են երեխաների, նաև՝ ծնողների հետ աշխատանքի ծրագրեր։ Նախակրթարանների այս մոդելը հնարավորություն է տվել մասամբ լուծել նախադպրոցական ծառայությունների բացակայության խնդիրն այս գյուղերում։

Մեկ տարի հետո լրագրողները նույն գյուղերում էին՝ ծանոթանալու նախակրթարանների աշխատանքին և պարզելու, թե ինչ չափով են դրանք լուծում տեղերում նախադպրոցական և վաղ մանկության զարգացման ծառայությունների մատչելիության և որակի հարցերը։    

Շրջայցը կազմակերպվել էր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ավելի մատչելի դարձնել ներառական և որակյալ վաղ մանկության զարգացման ծառայությունները երեխաների համար։